Վրաստանի պաշտպանության նախարարի թեկնածու, նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի երազանքը Վրաստանում ռազմարդյունաբերության վերածնունդն ու զարգացումն է: Այս մասին Ղարիբաշվիլին հայտարարել է խորհրդարանի Մարդու իրավունքների պաշտպանության և քաղաքացիական ինտեգրման, պաշտպանության և անվտանգության և ընթացակարգային հարցերի հանձնաժողովների համատեղ նիստում:
«Մենք մեծ մարտահրավեր ունենք՝ մեր երկրի բռնագրավումը: Մեր տարածքի 20 տոկոսը բռնազավթված է: Սա, իհարկե, առաջին կարգի մարտահրավեր է: Այս ֆոնին խիստ կարևոր է բանակի մարտունակությունը: Իհարկե, նկատի չունեմ, որ մեր բանակի հզորացումը որևէ մեկի դեմ է ուղղված»,- հայտարարել է Ղարիբաշվիլին:
Ղարիբաշվիլին պնդում է, որ դեռևս վարչապետ լինելու ժամանակ է ցանկացել փամփուշտների գործարան կառուցել:
«Պետք է սկսենք հենց այսօրվանից: Պետք է կարողանանք ապահովել բոլոր տեսակի զենքերի արտադրություն, բացի միջուկայինից: Կարծում եմ, մենք դա կարող ենք անել»,- հայտարարել է Ղարիբաշվիլին: