Բազմաթիվ երկրների պես, Վրաստանում ևս ամանորի մաս են կազմում հրավառությունները, սակայն թե՛ բնապահպանական, թե՛ անվտանգության տեսանկյունից որքանով նպատակահարմար է օգտագործել պիրոտեխնիկան, այս թեմայով «Ալիք Մեդիան» զրուցել է փորձագետների հետ։ Հատկանշական է, որ բնապահպանական կառույցները բացասաբար են վերաբերվում պիրոտեխնիկայի կիրառմանը։
CENN միջազգային հասարակական կազմակերպության վրաստանյան գրասենյակը կոչ է անում քաղաքացիներին հրաժարվել հրավառությունից․
Տեղեկության համաձայն՝ օդում նման քանակությամբ պինդ մասնիկների ցրումը երկարաժամկետ հեռանկարում վտանգավոր ազդեցություն է ունենում հատկապես մարդու առողջության վրա, ցրված պինդ մասնիկները երկար ժամանակ մնում են մթնոլորտում և առաջացնում շնչառական ու սրտանոթային խնդիրներ։
Դրանից բացի, պայթյունի համար անհրաժեշտ թթվածին արտադրելու համար բազմաքանակ հրավառությունները պարունակում են պերքլորատներ, որոնք դառնում են խմելու ջրի, գետերի և լճերի աղտոտման աղբյուր։ Պերքլորատային աղերը բացասաբար են ազդում և՛ մարդու առողջության, և՛ ջրային օրգանիզմների վրա», — նշված է հաղորդագրության մեջ` հետևյալ հավելումով․ «Մի՛ օգտագործեք հրավառություն, խնայեք շրջակա միջավայրը»։
«Ալիք Մեդիայի» հետ զրույցում վերոնշյալ կոչը պարզաբանեց CENN կազմակերպության աշխատակից Անա Պետրիաշվիլին։
«Հրավառություն օգտագործելով՝ մենք վնասում ենք և՛ շրջակա միջավայրին, և՛ մեր առողջությանը։ Դրանց օգտագործման ընթացքում արտադրվող վնասակար նյութերը թունավոր են մարդկանց, թռչունների և կենդանիների համար:
Հրավառության տոնական գույները վտանգավոր քիմիական և ֆիզիկական գործընթացների արդյունք են, ինչը նշանակում է մետաղական միացությունների (աղերի) և քիմիական պայթուցիկ նյութերի տաքացում բարձր ջերմաստիճանում», — զգուշացնում է Պետրիաշվիլին։
Նրա պարզաբանմամբ՝ հրավառության տոնական գույները վտանգավոր քիմիական և ֆիզիկական պրոցեսների արդյունք են, որոնք ներառում են մետաղական միացությունների և քիմիական պայթուցիկ նյութերի տաքացում ճիշտ ջերմաստիճանում, այնուհետև այդ նյութերը հայտնվում են օդում, հողում և ջրի մեջ․ «Այս ազդեցությունները վնասակար են մեր առողջության համար, քանի որ մենք օգտագործում ենք հողն ու ջուրը սննդի համար, ավելին` նաև թունավորում ենք այնտեղ ապրող կենդանի օրգանիզմներին»։
Պետրիաշվիլին հավելում է, որ պայթյունից առաջացած աղմուկն ու լույսը նաև վտանգավոր են թռչունների ու կենդանիների համար և նրանց պատճառում են մեծ սթրես։
Քաղաքացիական ակտիվիստ և Pure Earth միջազգային հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Կախա Ռուխաիան «Ալիք Մեդիայի» հետ զրույցում նշեց, որ բնապահպանական հսկայական վնասից բացի` բազում դեպքեր են գրանցվում, երբ հրավառության սխալ կիրառման հետևանքով վնասվում կամ մահանում են մարդիկ։
«Ամանորյա պայթուցիկները ոչ միայն վնասակար են բույսերի և կենդանիների, այլև մեզ համար. շատ հաճախ մարդիկ այս պայթուցիկները սխալ են գործածում։ Գնում են համեմատաբար էժան պիրոտեխնիկա` առանց ստուգելու պահպանման ամսաթիվը։
Բնականաբար, ես դեմ եմ ցանկացած տեսակի պայթուցիկ նյութերի, բայց գոնե օգտագործելուց առաջ հարկ է կարդալ փաթեթի վրա նշված պայմանները, գործածման եղանակը։ Ոչ մի չափսի կամ ուժգնության պայթուցիկ նյութ չի կարելի ուղղել մարդկանց ուղղությամբ, երեխաներից առհասարակ պետք է հեռու պահել. ամանորին նրանց թույլ են տալիս զվարճանալ նման նյութերով, ինչը կտրականապես անընդունելի է», — ասաց Ռուխաիան։
Հատկանշական է, որ այս տարի Վրաստան ներմուծվող պիրոտեխնիկան 4 անգամ ավելացել է։ Այս տվյալը հայտնում է Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունը (Geostat)։
Geostat-ի փոխանցմամբ՝ այս տարվա 11 ամսում Վրաստանը գնել է 5,816 մլն դոլարի պիրոտեխնիկա, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 1,370 մլն դոլարի։