Ամաղլոբելին Ռուսթավիի բանտ է տեղափոխվել

Վրաստանյան «Բաթումելեբի» և «Նեթգազեթի» առցանց լրատվամիջոցների հիմնադիր Մզիա Ամաղլոբելին «Վիվամեդ» կլինիկայից տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ (ՔԿՀ)։

Ամաղլոբելիի իրավունքները պաշտպանող «Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպության փաստաբան Ջուբա Քաթամաձեն հաստատել է, որ Ամաղլոբելին ընդունվել է Ռուսթավիի բանտ։ Նրա խոսքով, Ամաղլոբելին ՔԿՀ է տեղափոխվել փետրվարի 27-ի երեկոյան՝ ժամը 18:00-ից հետո։

Մեկուկես ամիս կալանքի տակ գտնվող Ամաղլոբելին փետրվարի 26-ին դուրս է գրվել «Վիվամեդ» կլինիկայից, սակայն մինչ փետրվարի 27-ի երեկո անհայտ պատճառներով պահվել է կլինիկայում։

Ձերբակալությունից հետո նա 38 օր հացադուլ էր հայտարարել։

Ամաղլոբելիին Բաթումիի ոստիկանությունը ձերբակալել է հունվարի 11-ին, սկզբում վարչական կարգով՝ պաստառ կպցնելու համար, այնուհետև՝ հունվարի 12-ին՝ քրեական կարգով։

Լրագրողին մեղադրում են ոստիկանին ապտակելու մեջ, ինչի համար նրան սպառնում է 4-7 տարվա ազատազրկում։ Վրաստանի քաղհասարակությունը, իրավապաշտպան կազմակերպությունները, ընդդիմությունը, Եվրամիությունը, տարբեր երկրների կառավարություններ և տասնյակ միջազգային կազմակերպություններ նրան համարում են քաղբանտարկյալ։