
Բաթումիի քաղաքային դատարանը սկսել է «Բաթումելեբի» և «Նեթգազեթի» առցանց լրատվամիջոցների հիմնադիր Մզիա Ամաղլոբելիի դեմ հարուցված քրեական գործի քննությունը։ Նիստին մասնակցելու համար Ամաղլոբելիին տեղ են հասցրել հարյուրավոր կիլոմետրեր հեռու գտնվող Ռուսթավի քաղաքից, որտեղ գտնվում է կանանց քրեակատարողական հիմնարկը։
Հաջորդ դատական նիստերը Բաթումիի քաղաքային դատարանում տեղի կունենան մարտի 31-ին, ապրիլի 7-ին և 10-ին, ժամը 13:00-ին։
Լրագրողին, որին սպառնում է 4-7 տարվա ազատազրկում ոստիկանին ապտակելու համար, գործընկերները, իրավապաշտպանները և հասարակության մի մասը քաղբանտարկյալ են համարում:
Ամաղլոբելիի փաստաբաններն այսօրվա նիստում դատավոր Նինո Սախելաշվիլիին ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն են ներկայացրել, քանի որ կարծում են` նրա կրթությունը չի համապատասխանում քրեական գործեր քննող դատավորների պահանջներին։ Դատավորի խոսքով, ինքը սովորել է Վրաստանի տեխնիկական համալսարանի Բիզնեսի ճարտարագիտության ֆակուլտետում, որտեղ ստացել է բակալավրի և մագիստրոսի կոչում, հետևաբար որակազրկման դիմումը չի բավարարել:
Այսօրվա դատական նիստին ներկա էին Ամաղլոբելիի գործընկերները, քաղաքացիներ, Գերմանիայի, Լեհաստանի, Մեծ Բրիտանիայի, Չեխիայի դեսպանատների ներկայացուցիչներ։ Նիստի ավարտից հետո հնչեցին վանկարկումներ՝ «Ազատություն Մզիային»։
Ամաղլոբելին սկզբում վարչական կարգով բերման է ենթարկվել հունվարի 11-ին, ապա ազատ արձակվել, իսկ մի քանի ժամ անց՝ հունվարի 12-ին, կրկին կալանավորվել է այս անգամ քրեական օրենքով՝ ոստիկանին ապտակելու համար, ինչը, ըստ փաստաբանների՝ անհամատեղելի է գործի հանգամանքների հետ և միայն քաղաքական դրդապատճառ է մատնանշում։