
Բաթումիի քաղաքային դատարանում ընթանում է «Բաթումելեբի» և «Նեթգազեթի» լրատվամիջոցների հիմնադիր Մզիա Ամաղլոբելիի դատավարությունը: 2,5 ամիս առաջ նշանակված դատավոր Վիկտոր Մետրեվելին կորոշի՝ ազատ արձակել Ամաղլոբելիին, թե կալանքի տակ թողնել:
Դատավարությանը ներկա է նաև Ամաղլոբելին. նա 38 օր հացադուլ էր արել: Դատավարության մեկնարկին Ամաղլոբելին ասել է՝ իրեն մեղավոր չի համարում:
«Ես ինձ մեղավոր չեմ համարում, ես ինձ անօրինական բանտարկյալ եմ համարում: Բարեբախտաբար, մեր հայրենիքում բռնապետությունը վերջնականապես չի հաստատվել։ Ես հավատում եմ, որ ես և բոլոր խղճի բանտարկյալները կկարողանանք ապացուցել մեր անմեղությունը», — ասել է Ամաղլոբելին:
Վրաստանում Ֆրանսիայի դեսպան Շերազ Գասրին ևս դատարանում է։
Ամաղլոբելիին Բաթումիի ոստիկանությունը ձերբակալել է հունվարի 11-ին, սկզբում վարչական կարգով՝ պաստառ կպցնելու համար, այնուհետև հունվարի 12-ին՝ քրեական կարգով: Լրագրողին մեղադրում են ոստիկանին ապտակելու համար. նրան սպառնում է 4-7 տարվա ազատազրկում։