Ամաղլոբելիի փաստաբանները կրկին դիմել են Քութայիսիի վերաքննիչ դատարան

Մզիա Ամաղլոբելիի ապօրինի կալանքի վերացման հարցի վերանայման վերաբերյալ դատավոր Լ. Կղոլբաիայի մերժումը բողոքարկվել է Քութայիսիի վերաքննիչ դատարանում։ Այս մասին հայտնում են Ամաղլոբելիի փաստաբանները։

Նրանք միանշանակ հայտարարում են.

«Կրկին դիմեցինք Քութայիսիի վերաքննիչ դատարան՝ Մզիա Ամաղլոբելիի նկատմամբ կիրառված կալանքի վերացման պահանջով։ Նույն դատարանը նախկինում արդեն անընդունելի էր ճանաչել և չէր քննարկել պաշտպանական կողմի բողոքը։

Ներկայացված բողոքը վերաբերում է 2025 թվականի փետրվարի 14-ին Բաթումիի քաղաքային դատարանի ընդունած անօրինական որոշման չեղարկմանը։ Հայտնի է, որ 2025 թվականի փետրվարի 13-ին մենք դիմել էինք Բաթումիի քաղաքային դատարան՝ Մզիա Ամաղլոբելիի նկատմամբ կիրառված կալանքի վերացման պահանջով։ Բաթումիի քաղաքային դատարանի դատավոր Լևան Կղոլբաիան 2025 թվականի փետրվարի 14-ին մեր միջնորդությունն անընդունելի ճանաչեց։

Հստակ հայտարարում ենք՝ չկա որևէ հիմք, որը կարող է արդարացնել Մզիա Ամաղլոբելիի կալանքը։ Մեր միջնորդության անընդունելի ճանաչումը արհեստական արգելք է, որպեսզի դատարանը չքննարկի ներկայացված նոր, անհերքելի ապացույցներն ու հանգամանքները», — գրված է փաստաբանների հայտարարության մեջ։

Նրանց խոսքով` ներկայացված բողոքով վրացական արդարադատության համակարգին ևս մեկ հնարավորություն է տրվում դադարեցնել Մզիա Ամաղլոբելիի նկատմամբ տարվող քաղաքական հետապնդումը և վերջ դնել նրա անօրինական կալանքին։

Մզիա Ամաղլոբելիի իրավունքների պաշտպանությամբ զբաղվում են․

  • Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան (GYLA),
  • BLB իրավաբանական ընկերությունն ու նրա ավագ գործընկեր Մայա Մծարիաշվիլին։

Հիշեցնենք. Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան փետրվարի 14-ին հայտարարել է, որ Բաթումիի քաղաքային դատարանի դատավոր Լևան Կղոլբաիան անընդունելի է ճանաչել Մզիա Ամաղլոբելիի համար խափանման միջոցի փոփոխության վերաբերյալ փետրվարի 13-ին ներկայացված փաստաբանների միջնորդությունը։

«Նեթգազեթի» և «Բաթումելեբի» լրատվամիջոցների հիմնադիր տնօրեն ՄզիաԱմաղլոբելին ձերբակալվել է 2025 թվականի հունվարի 11-ին՝ Բաթումիի ոստիկանության պետ Իրակլի Ջեբուաձեի ցուցումով, վերջինիս ապտակելու մեղադրանքով։