Վրաստանի 5-րդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կրկին պահանջում է ազատ արձակել «Բաթումելեբի» և «Նեթգազեթի» լրատվամիջոցների հիմնադիր Մզիա Ամաղլոբելիին: 5-րդ նախագահը հայտարարել է՝ Ամաղլոբելիի հարցը պետք է լինի Եվրամիության օրակարգում։
«Երկու ամիս շարունակական բողոքի ցույցեր և 16 օր հայտնի կին լրագրող և շրջանային լրատվամիջոցների հիմնադիր Մզիա Ամաղլոբելիի հացադուլը: Նրա գործը ցույց է տալիս Վրաստանի՝ ռուսական ոստիկանական պետություն դառնալու վտանգը, և դա պետք է լինի Եվրամիությունում ընթացող բանավեճի էպիկենտրոնում», — X հարթակում գրել է Զուրաբիշվիլին :
Զուրաբիշվիլին այս հարցով դիմել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասին, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեթին և Եվրոպայի խորհրդին։
Հունվարի 27-ին հրապարակված մեկ այլ ուղերձում Զուրաբիշվիլին, որ եվրոպամետ բողոքի ցույցերի մասնակիցների, հասարակության մեծ մասի, ընդդիմադիր կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների պես, «Վրացական երազանք»-ի իշխանությունը համարում է ոչ լեգիտիմ, գրել է. «Ազատ արձակեք Մզիա Ամաղլոբելիին և բոլոր բանտարկյալներին՝ Վրաստանում իշխող «ռուսական» կուսակցության պատանդներին»:
Հունվարի 21-ին Զուրաբիշվիլին իր աջակցությունն էր հայտնել Ամաղլոբելիին՝ գրելով. «Մզիա Ամաղլոբելի, դու մենակ չես այս պատմական պայքարում Վրաստանի ազատության համար»:
Ամաղլոբելին արդեն 17-րդ օրն է, ինչ հացադուլ է անում և հրաժարվում է դադարեցնել հացադուլը: Ամաղլոբելիի ընկերներն ու գործընկերներն ասել են՝ նա ունի մի շարք խրոնիկական հիվանդություններ:
«Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա»-ի տվյալներով՝ Ամաղլոբելիի կյանքին վտանգ է սպառնում: Ավելի քան 300 լրագրողներ բազմաթիվ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների հետ միասին պահանջում են նրան ազատ արձակել։
Ամաղլոբելին մեղադրվում է Բաթումիի ոստիկանապետ Իրակլի Ջեբուաձեին ապտակելու համար։ «Ոստիկանի վրա հարձակվելու» համար նրան սպառնում է 4-ից 7 տարվա ազատազրկում։