«Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» (GYLA) իրավապաշտպան կազմակերպությունը, որը պաշտպանում է «Բաթումելեբի» և «Նեթգազեթի» լրատվամիջոցների կալանավորված հիմնադիր Մզիա Ամաղլոբելիի շահերը, հանրային պաշտպանից պահանջում է հատուկ բժշկական խումբ ստեղծել:
GYLA-ն որպես պատճառ նշում է այն հանգամանքը, որ Ամաղլոբելին բանտում չի անցնում առողջական վիճակը լիարժեք գնահատելու համար անհրաժեշտ բժշկական ընթացակարգերն ու հետազոտություններըը։
«Չնայած այն հանգամանքին, որ փետրվարի 1-ին դիմել ենք համապատասխան գերատեսչություններին վերոնշյալ ուսումնասիրություններն ապահովելու համար, դեռևս հայտնի չէ, թե ինչ արձագանք է ստացել մեր խնդրանքը։ Մզիա Ամաղլոբելին արդեն 22 օր է հացադուլի մեջ է, ինչը զգալիորեն մեծացնում է նրա առողջական վիճակի վատթարացման վտանգը», — նշել է GYLA-ն:
Ըստ GYLA-ի՝ Ամղլոբելիի բժիշկների հատուկ խումբը պետք է ներառի վերակենդանացման մասնագետ, էնդոկրինոլոգ, նյութափոխանակության հիվանդությունների մասնագետներ. անհրաժեշտության դեպքում՝ նյարդաբան, սրտաբան և գաստրոէնտերոլոգ:
GYLA-ն հանրային պաշտպանին առաջարկում է նաև այն բժիշկների ցանկը, ովքեր պատրաստ են մասնակցել մոնիտորինգի գործընթացին։
Լրատվամիջոցների ազատության կոալիցիայի (MFC) անդամ 14 երկրների դեսպանությունները հունվարի 30-ին համատեղ հայտարարություն են տարածել՝ պահանջելով ազատ արձակել կալանքի տակ գտնվող Ամաղլոբելիին:
Ամաղլոբելին արդեն 23-րդ օրն է, ինչ հացադուլ է անում՝ հրաժարվելով դադարեցնել այն: Ամաղլոբելիի ընկերներն ու գործընկերները հայտարարել են՝ նա ունի մի շարք խրոնիկական հիվանդություններ:
«Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա»-ի տվյալներով՝ Ամաղլոբելիի կյանքին վտանգ է սպառնում: Ավելի քան 300 լրագրողներ բազմաթիվ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների հետ պահանջում են նրան ազատ արձակել։
Ամաղլոբելին մեղադրվում է Բաթումիի ոստիկանապետ Իրակլի Ջեբուաձեին ապտակելու համար։ «Ոստիկանի վրա հարձակվելու» համար նրան սպառնում է 4-ից 7 տարվա ազատազրկում։