
«Վիվամեդ» կլինիկայի տնօրեն Զուրաբ Չխաիձեն ասել է, որ ողջունում է «Նեթգազեթի» և «Բաթումելեբի» լրատվամիջոցների համահիմնադիր և տնօրեն Մզիա Ամաղլոբելիի հացադուլը դադարեցնելու որոշումը: Չխաիձեն նշել է՝ այս փուլում Ամաղլոբելին կշարունակի բուժումը կլինիկայում:
«Այս տևողության հացադուլը կապված է շատ բարձր ռիսկերի հետ։ «30 օր հետո ամեն օր սպասվում են տարբեր օրգանների կամ համակարգերի ֆունկցիոնալ խանգարումներ, որոնք կարող են կապված լինել շատ վատ ելքի հետ», — փետրվարի 18-ին կլինիկայում հավաքված լրագրողներին ասել է Չխաիձեն։
Հարցին, թե հացադուլի ավարտից հետո Ամաղլոբելիի կյանքին այլևս վտանգ չի սպառնում, թե դեռևս ռիսկեր կան մինչև լիարժեք սնվելը, Չխաիձեն պատասխանել է. «Վտանգը միշտ կա… Դրա համար էլ նշեցի «վերասնուցման սինդրոմը»։ Հետևաբար, ռիսկը միշտ կա, բայց մեր բժիշկների թիմն ամեն ինչ կանի, որ այս գործընթացը հաջող լինի»:
Հիշեցնենք, որ Ամաղլոբելին հացադուլի 38-րդ օրը որոշել է դադարեցնել հացադուլն ու վերսկսել սննդի ընդունումը։
Ամաղլոբելին ձերբակալվել է 2025 թվականի հունվարի 11-ին Բաթումիի ոստիկանության պետ Իրակլի Դգեբուաձեի ցուցումով` վերջինիս ապտակելու մեղադրանքով։