Իշխանական «POSTV» հեռուստաընկերությունը հայատյաց հարցեր է ուղղել ընդդիմադիր «Լելո» կուսակցության հիմնադիր Մամուկա Խազարաձեին: «Դուք ինչո՞ւ չեք խոստովանում, որ հայ եք, ամաչո՞ւմ եք»,- հարցով իշխանական մեդիայի լրագրողը փորձել է դիսկրեդիտացիայի ենթարկել քաղաքական գործչին՝ «մեղադրելով» նրան «հայ» լինելու մեջ:
Տեսանյութը կարելի է դիտել այստեղ
Հարցի շուրջ մի շարք քննադատողական կարծիքներ են հնչել քաղաքացիական հասարակության կողմից:
«Սոցիալական արդարության կենտրոն»-ի տնօրեններից Թամթա Միքելաձեն հարցին անդրադարձել է իր սոցցանցերում՝ նշելով վերջին օրերին արձանագրված ևս մեկ իրադարձություն, այս անգամ էլ՝ էթնիկ ադրբեջանցի համայնքի հետ կապված:
««POSTV»-ն ու «Ռուսթավի 2»-ն այս օրերին ներկայացել են երկու ամենադաժան հռետորաբանությամբ ու հայտարարություններով։
«Ռուսթավի 2»-ը Ռուսթավիում «Վրացական երազանք»-ի ներկայացուցիչների երեկվա ադրբեջանական համայնքի հանդիպումը գնահատել է որպես հանդիպում «սփյուռքի հետ»։ Եվ սա անում է Անուկա Քինքլաձեն` ավելի քան 20 տարվա լրագրող։
«POSTV»-ի լրագրողը ինչ-որ միջոցառման ժամանակ մոտեցել է Խազարաձեին և հարցրել, թե ինչու է թաքցնում իր հայկական ծագումը։
Էթնիկ փոքրամասնություններին օտարերկրացիներ անվանելը, նրանց քաղաքացիությունից զրկելը, հայատյացությունը, էթնոկենտրիզմը՝ 90-ականների ռեպրեսիվ և սև վրացական ազգայնականության հիմնական դիսկուրսները վերածնվում են Վրացական երազանքի կառավարության կողմից։
Ինչ ռեգրեսիվ ու մութ քաղաքական ուժ է կառավարում մեր երկիրը։
Իսկապես ցավալի է»,- գրում է Միքելաձեն։
Ի դեպ, Վրաստանում առաջին անգամ չէ, երբ էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ ատելությունը կիրառվում է իշխանական մեդիայի կողմից՝ դիսկրեդիտացնելով քաղաքական գործիչներին:
Թաքնված օրակարգեր․ գենդերային ապատեղեկատվության ազդեցությունը Վրաստանում