Ալիք մեդիայի խմբագիր Գոհար Աբրահայմանի` պատերազմի ու համավարակի մասին հոդվածները, որ գրել է հեղինակավոր ONE ամսագրի համար, արժանացել են “Catholic Press Awards 2021″ միջազգային մրցույթի մրցանակների՝ մի քանի անվանակարգերում։
Գոհարը երկու հոդվածն էլ գրելու առաջարկները ստացել է` ինչպես ինքն է ասում` իր կյանքի ամենաբարդ շրջանում. պանդեմիայով պայմանավորված դժվարություններն ու աջակցման ծրագրերին անդրադառնալու նյութն անելու առաջարկը ստացել է, մայրանալուց 16 օրական էր.
«Դե քովիդից ու կեսարյան հատումից նոր-նոր խելքի էի գալիս ու թեև որոշել էի էս մի երեխուս գոնե մինչև 40 օրը լրանալը վայելել ու գոնե մի ծրագրի վրա աշխատել, բայց դե․․․»։
Երկրորդ նյութի համար դիմել են պատերազմի ամենաթեժ օրերին.
«Տարհանման պայուսակս ու երկու երեխեքիս կողքս պահելով, արցունքներ կուլ տալով լրահոս էի թերթում անվերջ, նեղվում, որ որևէ բանով պիտանի չեմ կարում լինել ու անգամ երեխեքին նորմալ կերակրել ի վիճակի չէի, բայց՝ էլի բայց դե․․․»։
Գոհարն ասում է` վայրկյան կորցնելու իրավունք չունենք, չնայած հետպատերազմյան ծանրությանը, բոլորը պետք է աշխատեն ինչքան կարող են։ Պետք է օգտագործել ուժեղ կողմերը։ Հուսահատությունը չպետք է հաղթի։ Ինքն էլ նախ փորձում էր հրաժարվել, ապա իր մեջ ուժ գտավ` անել իր գործը։
Գոհար Աբրահամյանը լրագրողական գրիչ վերցրեց առաջին անգամ 2010-ին` հայաստանյան առաջին առցանց լրատվամիջոցում։ Այդ օրվանից հետո 11 տարի չի դադարել նվիրված մնալ սիրած գործին։
Մրցանակի արժանացած հոդվածները`
https://cnewa.org/magazine/our-daily-bread/
https://cnewa.org/magazine/armenians-in-flight/