Վրաստանում 2022 թվականը լի էր մի շարք քաղաքական անցուդարձերով: Մասնավորապես, Եվրոպական հեռանկար ստանալուց մինչև ներքաղաքական իրավիճակի սրում, անազատության մեջ գտնվող Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի առողջության վատթարացումից մինչև ընդդիմադիր «Մթավարի արխի» հեռուստաընկերության հիմնադիր Նիկա Գվարամիայի ազատազրկում, տարածաշրջանային իրավիճակի սրացում, Ուկրաինային օգնություն ցուցաբերելուց մինչև ձեռնպահ քաղաքականություն, Վրաստանի՝ որպես հայ-ադրբեջանական կոնֆլիկտի լուծման հարթակի դերից մինչև Վրաստանի տարանցիկ միջանցքի դերի մեծացում:
«Ալիք Մեդիան» 2022 թվականի քաղաքական ամենաքննարկված թեմաները ներկայացնում է ըստ ժամանակագրության:
Հունվարին Վրաստանում ակտիվացել էր կորոնավիրուսի «օմիկրոն» շտամը: Այս ամսվա ընթացքում օմիկրոնով օրական վարակման միջին ցուցանիշը գերազանցում էր 10 հազարը: Վարակաբանները, իմունաբանները և առողջապահության նախարարությունը խորհուրդ էին տալիս պատվաստվել, հնարավորության դեպքում ընդունել նաև խթանիչ՝ երրորդ դեղաչափը: Այս փուլում քննարկվում էր նաև դպրոցների և մանկապարտեզների հեռավար կրթության հարցը, որը, սակայն, չկիրառվեց հունվարի վերջին և փետրվարի սկզբին օմիկրոն շտամի ակտիվության նվազման ֆոնին:
Փետրվարին իրավիճակը փոխվեց ողջ աշխարհում. Ռուսաստանը հարձակվեց Ուկրաինայի վրա, ինչն ազդեց ողջ տարածաշրջանի, նաև Վրաստանի թե՛ արտաքին, թե՛ ներքին քաղաքականության վրա:
Պատերազմի ֆոնին Վրաստանի քաղաքական դաշտում հնչում էին մեղադրական հայտարարություներ. ընդդիմությունն ու քաղհասարակությունն իշխանությունից պահանջում էին բավարար չափով աջակցել բարեկամ Ուկրաինային, իսկ իշխանությունն` ի դեմս երկրի առաջին դեմքի՝ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի, հայտարարում էր, թե Վրաստանն ամեն ինչ անում է Ուկրաինային աջակցելու համար, իսկ ընդդիմությունը ցանկանում է կրկնել 2008 թվականի դեպքերը՝ այսպիսով հակաարևմտյան ապատեղեկատվությունների հոսքի հիմքը դնելով:
Այս ամենի հետ մեկտեղ, Վրաստանը պատմական որոշման առջև կանգնեց. Ուկրաինայի ու Մոլդովայի հետ միասին արագացված կերպով դիմեց ԵՄ՝ թեկնածություն ստանալու նպատակով:
Այս ֆոնին՝ Վրաստանից չվերահսկվող Հարավային Օսիայի դե ֆակտո խորհրդարանի նախագահ Ալան Թադտաևը հայտնել էր, որ Ցխինվալիում մոտ ժամանակներս հանրաքվե կանցկացվի Ռուսաստանի Դաշնությանը միանալու հարցով:
Ապրիլի առաջին կեսին՝ ապրիլի 11-ին, վրաստանյան քաղաքական դաշտում քննարկման առիթ դարձավ Եվրամիության կողմից Վրաստանին հանձնված ԵՄ թեկնածուի կարգավիճակ ստանալու ինքնագնահատման հարցաշարի թեման:
Մայիսի 16-ին Վրաստանում հասունացավ նոր ներքաղաքական սկանդալ, որը կապված էր Թբիլիսիի քաղաքային դատարանի որոշման հետ, այն է՝ ազատազրկման դատապարտել ընդդիմադիր «Մթավարի արխի» հեռուստաընկերության հիմնադիր Նիկա Գվարամիային։ Գվարամիայի ազատազրկումը Վրաստանի մի շարք հասարակական կազմակերպություններ, եվրապատգամավորներ, փորձագիտական շրջանակներ, ընդդիմադիր ուժեր համարեցին քաղաքական հաշվեհարդար, լրատվամիջոցների ազատության ոտնահարում։ Թբիլիսիում նաև երթ անցկացվեց հանուն ԶԼՄ-ների ազատության, մանրամասն՝ տեսանյութում:
Մայիսին քաղաքական քննարկման գլխավոր թեման էր նաև Ուկրաինայում իրավիճակի ֆոնին Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի և իշխող «Վրացական երազանք» կուսակցության անդամների միջև այդ շրջանում առկա տարաձայնությունները, որոնք վերնագրվեցին այսպես` «Վրաստանի նախագահն ընդդեմ իշխանությունների»: Մանրամասն՝ տեսանյութում:
Հունիսի 23-ին Եվրախորհրդարանը 529 կողմ, 45 դեմ, 14 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ բանաձև ընդունեց, որով Վրաստանը չստացավ ԵՄ անդամ երկրի թեկնածուի կարգավիճակ: Ավելին՝ ասոցացման եռյակից նման պատասխան ստացել է միայն Վրաստանը, իսկ Ուկրաինայի և Մոլդովայի դիմումները բավարարվել են` կից պայմաններով:
Թբիլիսիում այս առիթով «Սիրցխվիլիա» և այլ քաղաքացիական շարժումները, ուսանողները` նույնպես, երկու բազմահազարանոց ցույց կազմակերպեցին, որոնց հիմնական գաղափարն էր ցույց տալ վրաց ժողովրդի ձգտումը՝ լինել եվրոպական ընտանիքի մի մասը, ավելին՝ տեսանյութում:
Հուլիսի առաջին կեսին քաղաքական դաշտը քննարկում էր իշխող «Վրացական երազանք» կուսակցության շարքերը լքած պատգամավորների հայտարարությունը: Մասնավորապես, հունիսի 29-ին Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության նիստից հետո կայացած ճեպազրույցում «Վրացական երազանք» խմբակցության նախագահ Մամուկա Մդինարաձեն հայտարարեց, որ Սոզար Սուբարին, Միխեիլ Կղավելաշվիլին և Դիմիտրի Խունդաձեն լքում են կուսակցության շարքերը։
Վերջիններս հայտարարեցին, թե Եվրամիության սահմանած յուրաքանչյուր կետ` արմատական ընդդիմության տեսանկյունից, պետք է դիտարկել որպես հեղափոխական ծրագրի 1/12-րդ մասը։ Նրանց կարծիքով՝ «Միացյալ ազգային շարժումը» և նրանց գործընկերները հետևողականորեն կփորձեն օգտագործել ծրագրի յուրաքանչյուր կետը` մինչև դեկտեմբերի ավարտը հեղափոխական սցենար պատրաստելու համար: Մանրամասն՝ տեսանյութում:
Հուլիսին քննադատությունների էպիկենտրոնում էր նաև երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: Ղարիբաշվիլին քննադատության կիզակետում հայտնվեց երկրի նախկին վարչապետ, իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլիին սատարող հայտարարությունների, կուսակցության կառավարման ու այն ժամանակվա քաղաքական իրավիճակի գնահատականի համար: Ըստ Ղարիբաշվիլիի՝ Իվանիշվիլին 2011 թվականին զոհաբերել է իրեն հանուն երկրի և Վրաստանում ժողովրդավարացման գործընթացի մեկնարկն է տվել, իսկ երբ հեռացել է քաղաքականությունից, թիմին թողել է պետության կառավարման ճիշտ արժեքներն ու խաղի կանոնները:
Փորձագիտական դաշտը հակված էր կարծել, որ Վրաստանը դատապարտված է ընտրություն կատարելու Եվրոպայի և Իվանիշվիլիի միջև։ Նրանց կարծիքով` այս հայտարարության միջոցով Իվանիշվիլին՝ Ղարիբաշվիլիի շուրթերով դիմել է Արևմուտքին և առաջին հերթին՝ Եվրամիությանը, ավելին՝ տեսանյութում:
Սեպտեմբերի ամենաքննարկված քաղաքական թեման՝ սեպտեմբերի 21-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարած մասնակի մոբիլիզիացիայից հետո, ՌԴ քաղաքացիների զանգվածային ներհոսքն էր Վրաստան:
Ռուսաստանում հայտարարված մասնակի զորահավաքից հետո միլիոնավոր Ռուսաստանի քաղաքացիներ սկսեցին զանգվածային կերպով լքել երկիրը: ՌԴ քաղաքացիների միգրացիայի ամենապահանջված ուղղություններից մեկը Վրաստանն էր: Այդ օրերին վրաց-ռուսական «Կազբեգի-Վերին Լարս»-ի անցակետում խցանումներ են, կաթվածահար վիճակ և թողունակության հետ կապված խնդիրներ:
Վրաստանյան քաղաքական՝ հիմնականում ընդդիմադիր դաշտը և հասարակության մի հատվածը պահանջում են ՌԴ քաղաքացիների համար վիզային ռեժիմ մտցնել, իշխանությունները հակադարձում են՝ ասելով, որ այս պահին ՌԴ քաղաքացիների Վրաստան մուտք գործելը չի սպառնում Վրաստանի ազգային անվտանգությանը: Ավելին՝ նյութում:
Հոկտեմբերի առաջին կեսի ամենաքննարկված թեման ողբերգական դեպքի շուրջ էր: Հոկտեմբերի 13-ի առավոտյան տեղեկություն տարածվեց, որ Թբիլիսիի Վակեի այգում՝ մուտքի մոտ, շատրվանների ավազան մտած երեխաները հոսանքահարվել են: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ հոսանքահարվելու հետևանքով վիրավորված 13-ամյա աղջիկը կլինիկայում մահացել է: Ավելին՝ նյութում:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հոկտեմբերի 24-ին Վրաստան կատարած պաշտոնական այցի մասին հենց հոկտեմբերի 24-ի առավոտյան էլ հայտնի դարձավ: Ալիևի այցի մասին տեղյակ չէին ոչ վրացական մամուլում, ոչ քաղաքական դաշտում, անգամ տեղյակ չէր երկրի առանցքային դեմքերից մեկը՝ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:
Ինչևէ, Ալիևը Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում հանդիպեց Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին, «վայելեց» Մցխեթայի մունիցիպալիտետում գտնվող Մուխրանի դղյակում իր պատվին բացված «Ղարաբաղի խանության ժառանգությունը» ցուցահանդեսը, Ղարիբաշվիլիի հետ լուսանկարվեց Ռուսական կայսրության գեներալ Իվանե Բագրատիոն-Մուխրանսկու դիմանկարի ֆոնին, նաև Ղարիբաշվիլիի հետ համատեղ ասուլիսում մի շարք կարևոր հայտարարություններ արեց: Այս ամենը բուռն քննադատության ալիք բարձրացրեց վրաստանյան քաղաքական դաշտում: Ըստ քաղաքագետ-վերլուծաբանների` այս «հանկարծակի» այցը հստակ մեսիջներ ուներ:
Նոյեմբերին քաղաքական հայացքները և խոսակցություններն ուղղվեցին դեպի Վրաստանի երրրոդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի կողմը: Ի դեպ, նոյեմբերի 20-ին երրորդ նախագահի փաստաբան Վալերի Գելբախիանին ասել էր, որ կասկածի հիմք կա, թե Սաակաշվիլին թունավորված է: Ավելի ուշ Սաակաշվիլին հայտնել էր, որ իր փաստաբաններից ոչ մեկին երբեք չի ասել, թե կասկածում է, որ թունավորել են իրեն: Ըստ Սաակաշվիլիի՝ այդ հարցի շուրջ շահարկումները տեղին չեն:
Վրաց վերլուծաբանների տեսակետները հակասական էին Սաակաշվիլիի թունավորման վերաբերյալ: Նրանց մի մասը կարծում է, որ Սաակաշվիլիի թունավորման մասին լուրերը շահարկումներ են, մյուս մասը պնդում է, որ այստեղ շահարկման նշույլ անգամ չկա, և առողջական վիճակի վատթարացման ու թունավորման համար մեղադրում է իշխանություններին: Մանրամասն՝ նյութում:
Նոյեմբերին քաղաքական օրակարգում էին նաև Վրաստան-Հայաստան հարաբերությունները: Երկօրյա պաշտոնական այցով Վրաստանում էր Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը։ Թբիլիսյան հանդիպումներում ևս մեկ անգամ վրացի պաշտոնյաները պատրաստակամություն հայտնեցին աջակցելու հայ-ադրբեջանական երկխոսությանը։ Հայ և վրացի պաշտոնյաներն ընդգծեցին տարածաշրջանում խաղաղություն հաստատելու, տնտեսությունները զարգացնելու պատրաստակամության մասին։ Ավելին՝ նյութում:
Դեկտեմբերին քաղաքական օրակարգում կրկին Սաակաշվիլին էր, նրա առողջական վիճակը, անընդհատ հետաձգվող դատական նիստերը, Վրաստանի հատուկ քրեակատարողական ծառայության (ՀՔԾ) տարածած տեանյութը, Սաակաշվիլիի հեռավար ներկա գտնվելը դատավարությանը և, իհարկե, բազմաթիվ կոչերը Վրաստանի իշխանությանը, որոնք հիմնականում Սաակաշվիլիին ազատ արձակելու պահանջով էին:
Քաղաքական քննարկման կիզակետում հայտնվեցին նաև Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ու վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, որոնք այդպես էլ չարձագանքեցին Հաագայի միջազգային քրեական դատարանում 2008 թվականի օգոստոսյան պատերազմի վերաբերյալ հետաքննության եզրակացությանը, ըստ որի` վրացական կողմն անմեղ էր ճանաչվել։