«Ալիք Մեդիա»-ի հիմնադիր Արսեն Խառատյանի մուտքը Վրաստան Թբիլիսիի միջազգային օդանավակայնում նախ մերժել են, այնուհետև երկու ժամ անց թույլատրել։
Խառատյանն այսօր` սեպտեմբերի 11-ին, Երևանից օդանավով ժամանել է Թբիլիսի, օդանավակայնում Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) սահմանային ոստիկանությունից հայտնել են` արգելվում է նրա մուտքը Վրաստան։
Ըստ Խառատյանի` մոտ երկու ժամ սահմանային ոստիկանների հետ միասին գտնվել է մի սենյակում, որտեղ նրանից պահանջել են անջատել բջջային հեռախոսը, մի կողմ դնել և սպասել։ Նաև ասել են, թե երեկոյան կվերադառնա Երևան։
Խառատյանի խոսքով, մոտ երկու ժամ անց իրեն թույլատրել են մնալ Վրաստանում։ ՆԳՆ սահմանային ոստիկանությունը միայն որոշումն է տվել, որտեղ նշված է. «Վրաստանի օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքեր»։ Ինչ դեպքերի մասին է խոսքը` Խառատյանին չեն պարզաբանել։
Խառատյանն «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում ասաց` չգիտի, թե ինչն է եղել Վրաստան իր մուտքն արգելելու փորձի պատճառը: Նախկինում, ըստ նրա, երբեք նման իրավիճակ չի եղել:
«Պարզ է, որ երկրում լարված նախընտրական վիճակ է, գուցե ինչ-որ մեկը ինչ-որ պահի նաև իմ անունն է ներառել ոչ ցանկալի անձանց ցուցակում: Ինչպես նախկինում, ես լրագրողական գործունեությամբ եմ զբաղվում Վրաստանում, բացի փորձագիտական վերլուծություններից ու լրագրությունից ինձ համար այս հարազատ երկրի ներքին գործերին երբևէ չեմ խառնվել և չեմ պատրաստվում խառնվել: Հուսով եմ` սա պարզ շփոթի հետևանք է», — ասաց Խառատյանը։