Թբիլիսիում կկառուցվի Ադրբեջանի երրորդ նախագահ Հեյդար Ալիևի անվան ադրբեջանական պրոֆեսիոնալ պետական դրամատիկական թատրոնի նոր շենք:
Վրաստանի կառավարության փոխանցմամբ՝ Հեյդար Ալիևի անվան Թբիլիսիի ադրբեջանական պրոֆեսիոնալ պետական դրամատիկական թատրոնի շինարարության մեկնարկի արարողությանը ներկա են գտնվել Ադրբեջանի և Վրաստանի վարչապետներ Ալի Ասադովը և Իրակլի Ղարիբաշվիլին:
«Ադրբեջանական թատրոնը, ինչպես գիտեք, մեր երկրում երկար պատմություն ունի, առաջինը հիմնադրվել է 1872 թվականին, և այսօր բոլորս ուրախ ենք, որ թատրոնի շենքի նոր, ժամանակակից շինարարության հիմքը կդրվի և շատ շուտով մեր մայրաքաղաքին կավելանա ևս մեկ տեսարժան վայր»,- ասել է Վրաստանի վարչապետը:
Ըստ Ղարիբաշվիլիի՝ Թբիլիսիի ադրբեջանական պետական պրոֆեսիոնալ դրամատիկական թատրոնի ժամանակակից ոճով վերածնունդը պատմական իրադարձություն է։
«Պատմականորեն և՛ Ադրբեջանում, և՛ Վրաստանում մեր ժողովրդի ազգային արժեքները, մշակույթը, լեզուն, կրոնը, արվեստը, գրականությունը մեծ հարգանք են վայելում և սիրվում: Ադրբեջանի անվանի մի շարք գործիչներ ու հայտնի դեմքեր աշխատել են Վրաստանում և մինչև կյանքի վերջ մնացել այստեղ։
Նաև Վրաստանի մշակույթի և արվեստի տարբեր ներկայացուցիչներ աշխատել են Ադրբեջանում, զգալի ներդրում ունեցել հասարակական և մշակութային կյանքում»,- ասել է Ղարիբաշվիլին:
Նշվում է, որ ադրբեջանական թատրոնի նոր շենքը կկառուցվի Գորգասալի փողոցում՝ Վրաստանի դեսպանատան շրջակայքում։