«Քաղաքացիներ» կուսակցության առաջնորդ Ալեկո Էլիսաշվիլիի հայտարարությամբ՝ եթե «Վրացական երազանքի» հետ բանակացությունների ընթացքում համաձայնության հասնեն ընտրական համակարգի և ընտրական աշխատակազմի բարեփոխման շուրջ, պատրաստ է մտնել խորհրդարան:
Նրա խոսքով՝ այս ամենի պատճառը փողը չէ, և Բիձինա Իվանիշվիլու կողմից իրեն գնելու մասին տարածված լուրերը կեղծ են: Էլիսաշվիլիի խոսքով՝ երկրի առաջընթացի և իշխանության փոփոխության համար հենց վստահելի ընտրական համակարգ է անհրաժեշտ և այժմ այն պահն է, երբ հնարավոր է հասնել դրան:
Հարկ է նշել, որ դեսպանների միջնորդությամբ ընթացող իշխանության և ընդդիմության բանակցություններում իշխող կուսակցությունը ամբողջությամբ դեմ է ընդդիմության պահանջած արտահերթ ընտրություններին, սակայն ընտրական համակարգի և ԿԸՀ-ի ձևավորման շուրջ պատրաստ է համագործակցել վերջիններիս հետ:
Հիշեցնենք՝ Վրաստանի իշխանությունն ու ընդդիմությունը Վրաստանում ԱՄՆ և ԵՄ դեսպանների միջնորդությամբ մի քանի անգամ հանդիպել են և քննարկել հոկտեմբերի 31-ին կայացած խորհրդարանական ընտրությունների շուրջ ունեցած տարաձայնությունները:
Ընտրական շեմը հաղթահարած բոլոր 8 ընդդիմադիր կուսակցությունները չեն ճանաչում ընտրությունների արդյունքները և հրաժարվում են մուտք գործել խորհրդարան:
Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերջնական տվյալների համաձայն՝ հոկտեմբերի 31-ին կայացած ընտրությունների համամասնական ձայները բաշխվել են հետևյալ կերպ.
- «Եվրոպական Վրաստան» — 3,79%, 5 մանդատ,
- «Ազգային շարժում-ուժը միասնության մեջ է» — 27,18%, 36 մանդատ,
- «Հայրենասերների դաշինք» — 3,14%, 4 մանդատ,
- «Լեյբորիստական կուսակցություն» — 1%, 1 մանդատ,
- «Քաղաքացիներ-Ալեկո Էլիսաշվիլի» — 1,33%, 2 մանդատ,
- «Գիորգի Վաշաձե — Շինարար ռազմավարության» — 3,15%, 4 մանդատ,
- «Գիրչի» — 2,89%, 4 մանդատ,
- «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» — 48,22%, 60 մանդատ,
- «Լելո» — 3,15%, 4 մանդատ:
Վրաստանի բոլոր 30 մեծամասնական շրջաններում հաղթել են «Վրացական երազանքի» թեկնածուները: Կուսակցությունը 10-րդ գումարման խորհրդարանում կունենա 90 պատգամավոր: