«Մենք մերժում ենք բռնության, ահաբեկման վրա հիմնված ընտրությունների արդյունքը». այսպես է արձագանքել հոկտեմբերի 26-ի ընտրություններին «Եվրոպայի լիբերալների և դեմոկրատների դաշինքը» (ALDE)՝ նշելով, որ ընտրությունների արդյունքները չեն արտացոլում Վրաստանի ժողովրդի կամքը։
ALDE-ն իր համերաշխությունն է հայտնել ընդդիմադիր կուսակցություններին և նախագահ Զուրաբիշվիլիին։
«Հանգստյան օրերին Վրաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունները երկրում անորոշության ու վախի ծանր մթնոլորտ ստեղծեցին։ Ահաբեկումների և խախտումների միջավայրում անցկացված ընտրությունների արդյունքները, ինչպես հաստատվում է առնվազն հինգ միջազգային դիտորդական առաքելությունների նախնական զեկույցներով, չեն արտացոլում Վրաստանի ժողովրդի ազատ ընտրությունը։
Մեզ մտահոգում է նախընտրական շրջանում և հոկտեմբերի 26-ի ընտրությունների օրը նկատված խախտումների մեծ թիվը։ Ըստ դիտորդական առաքելությունների՝ նախընտրական շրջանն ընթացել է ընտրողների ահաբեկմամբ և ճնշումներով, ընտրակաշառքներով, անձը հաստատող փաստաթղթերի առգրավմամբ և իշխանության կողմից անհամաչափ մեծ պետական վարչական ռեսուրսների օգտագործմամբ», — ասված է հաղորդագրությունում:
Նշված է նաև, որ կուսակցությունն իր համերաշխությունն է հայտնում միացյալ ընդդիմադիր կուսակցություններին և Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին: