
Վրաստանից չվերահսկվող Ցխինվալիի (Հարավային Օսիա) շրջանի դե ֆակտո նախագահ Ալան Գագլոևի վիճակը կայուն է, տեղի լրագրողներին հայտնել է Գագլոևի մամուլի քարտուղար Նատալյա Բոսիկովան։ ⠀
Մի քանի ժամ առաջ օսական տելեգրամյան ալիքներով տեղեկություն տարածվեց այն մասին, որ Գագլոևին սրտի կաթվածի նախանշաններով շտապ տեղափոխել են Հյուսիսային Օսիայի Վլադիկավկազի կլինիկական հիվանդանոց։
Կլինիկական հիվանդանոցի գլխավոր բժշկի պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ Գագլոևը կլինիկա է ընդունվել հիպերտոնիկ ճգնաժամով։
«Ներկայումս նրա վիճակը կայուն է, բուժվում է սրտաբանական բաժանմունքում, այժմ բուժսպասարկման չափանիշներին համապատասխան հետազոտություններ են անցկացվում», — ասել է Բոսիկովան։ ⠀
Նախկինում դե ֆակտո նախագահի մամուլի ծառայությունը թաքցրել էր Գագլոևի առողջական վիճակի վատթարացման մասին տեղեկությունը՝ պնդելով, որ դե ֆակտո նախագահը մեկնել է Վլադիկավկազ բժշկական հետազոտությունների։ Սակայն այն բանից հետո, երբ տեղեկությունը տարածվեց Telegram-ի ալիքներով, նրանք ստիպված եղան հանրությանը հայտնել ճշմարտությունը։