Հարավային Օսիայի դե ֆակտո նախագահ Ալան Գագլոևը քարտեզագիրներ է փնտրում, բայց քանի որ Հվ. Օսիայում մասնագետներ չկան, պետք է հրավիրեն Մոսկվայից, գրում է RadioTavisupleba-ն:
Տեղեկության համաձայն, Ռուսաստանից վերադարձած Գագլոևն անցած շաբաթվա վերջին Հվ. Օսիայում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ «Վրաստանի հետ պետական սահմանի ստեղծումը» սկսում են միակողմանիորեն։ Գագլոևը լրագրողների հետ ամփոփել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման արդյունքները։ Նա ներկայացրել է Ռուսաստանի հետ տնտեսական, պաշտպանական ու անվտանգության հարցերում համագործակցության խորացման և, այսպես կոչված, սահմանազատման-սահմանագծման հանձնաժողովի եզրակացությունը:
«Վստահ եմ, որ եթե ոչ այսօր կամ վաղը, ապա կգա այդ ժամանակը, երբ մենք կնստենք բանակցությունների սեղանի շուրջ, որպեսզի միասին որոշենք մեր պետական սահմանը Վրաստանի հետ, ինչպես որ որոշեցինք պետական սահմանը Ռուսաստանի Դաշնության հետ»,- ասել է Գագլոևը։
Դե ֆակտո հանրապետության խորհրդարանի պատգամավոր, այսպես կոչված` սահմանազատման-սահմանագծման հանձնաժողովի նախագահ Գարի Մուլդարովը մարտի 22-ին Facebook-յան գրառմամբ տեղեկացրել է, որ հանձնաժողովն ավարտել է աշխատանքը և փաստաթղթերն ուղարկել փաստացի նախագահին։
Ասուլիսում Գագլոևը նաև ասել է, որ արդեն իսկ անհրաժեշտ է մասնագետներ գտնել, որոնք հանձնաժողովի ստեղծած փաստաթղթերի հիման վրա կպատրաստեն քարտեզը։ Գագլոևը խոստովանել է, որ ներկայումս Վրաստանի հետ հարաբերություններ չկան, «պետական սահման» չկա, և այդ հարցում աշխատանքները դեռ նոր են սկսվում։