Վրաստանի «Հանրային հեռուստաընկերության» հայտնի նախագծերից մեկի՝ «Ակուստիկայի» հաղորդավարները փոխվել են: Այս մասին սոցցանցում գրել է Մեբո Նուցուբիձեն. վերջինս և Մակո Մճեդլիշվիլին վերջին տարիներին այս հաղորդման հաղորդավարներն են։
«Ակուստիկա»-ն երաժշտական նախագիծ է, որտեղ հայտնի երգերը հնչում են արդիականացված տարբերակներով։ YouTube-ում նրանց տեսանյութերը միլիոնավոր դիտումներ են հավաքում:
«Հունիսի 9-ին Մակոն և ես շնորհակալություն հայտնեցինք հանդիսատեսին, հրաժեշտ տվեցինք մինչև հաջորդ եթերաշրջան և խոստացանք վերադառնալ ավելի շատ նորություններով ու հետաքրքիր լուրերով: Ցավոք, Առաջին ալիքի եթերում ոչ ես, ոչ Մակոն չենք կարողանա իրականացնել այս խոստումները։ Երեկ մեր ակուստիկ ճամփորդությունը մեզ համար անսպասելի ավարտվեց»,- ֆեսբուքյան էջում գրել է Նուցուբիձեն։
Նա նաև նշել է, որ նոր եթերաշրջանից հաղորդումը կունենա նոր հաղորդավարներ։
Ուշագրավ է, որ Նուցուբիձեն այն մարդկանցից է, ով դեմ է արտահայտվել «գործակալների օրենքի» ընդունմանը, որը հանրահավաքի մասնակիցներն անվանում են «ռուսական օրենք»։
«Տեսնում ես, ա՛յ լավ մարդ, էս մարդիկ քո օրենքը չեն ուզում։ Ուզում ես՝ ռուսական կոչիր, ուզում ես՝ ֆրանսիական, ուզում ես՝ գերմանական: Ի՞նչ էական նշանակություն ունի անունը:
Ժողովուրդը դա չի ուզում և վերջ։ Ժողովուրդն է գլխավորը։ Ժողովուրդն է ամեն ինչ որոշում, ժողովուրդը։ Ժամանակին հասկացեք և հաշտվեք դրա հետ։ Ժամանակ մի կորցրեք»,- 2024 թվականի ապրիլին, երբ իշխող կուսակցությունը շրջանառության բերեց «գործակալների օրենքը», ֆեյսբուքյան էջում գրել էր Նուցուբիձեն:
Թե ինչու է «Հանրային հեռուստաընկերությունը» նման որոշում կայացրել, հայտնի չէ։ ՀԸ-ից պարազաբանող հայտարարություն չի եղել: