Ակցիայի մասնակիցները սպառնալից զանգեր են ստանում

Վրաստանում ընթացող եվրոպամետ ցույցերի ֆոնին «Վրացական երազանք»-ը կրկին գործի է դրել ահաբեկման հին միջոցները։ Կուսակցությունը փորձում է սպառնալիքի լեզվով հաշվեհարդար տեսնել քաղաքացիական ակտիվիստների հետ։

Մասնավորապես, վերջին օրերին քաղաքացիներն ահազանգում են «Վրացական երազանք»-ի այսպես կոչված զանգերի կենտրոններից զանգեր ստանալու մասին․ հայհոյում ու սպառնում են, ինչպես դա անում էին գարնանը՝ «օտարերկրյա գործակալների մասին» օրինագծի ընդունման դեմ ընթացող ակցիաների ֆոնին։

Վերջին օրերի ընթացքում Թբիլիսիում ակցիաների կազմակերպմամբ զբաղվող «Դաիտովե» շարժման հիմնադիրներից Իլիա Ղլոնտին գրում է, որ սպառնալից զանգ է ստացվել նաև իր հեռախոսահամարին։

«Իմ SIM քարտը Էլենեի (կնոջ-հեղ.) հեռախոսի մեջ է. պարզվում է, որ զանգահարել են՝ ասելու, որ ինձ ծեծի ենթարկած տուն են բերելու»,- պատմում է Ղլոնտին։

Հայհոյանքներով ու ծեծով սպառնացել են նաև ակցիաների ակտիվ մասնակից «Կոալիցիա փոփոխություններ համար»-ի անդամ Վանո Գոմուրաշվիլիին։

«Ինձ էլ զանգեցին. սպառնացին՝ կհետևեն ու դաժան ծեծի կենթարկեն։ Սրան էլ կդիմանանք։

Մենք չենք վախենում․

հաղթելու ենք»,- գրում է նա։

Ժողովրդավարության հետազոտական ​​կենտրոնի տնօրեն, նախկին հանրային պաշտպան Ուչա Նանուաշվիլին «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում անդրադարձավ քաղաքացիներին ուղղված սպառնալից զանգերին։

«Այդ արշավի նպատակը քաղաքացիներին ահաբեկելն է»,-ընդգծում է Նանուաշվիլին։

Ըստ նրա` քանի որ ցույցերը ճնշելուց, մասնակիցներին ձերբակալություններից և բռնություններից հետո անգամ  խաղաղ ցույցերը շարունակվում է` իշխանությունը փորձում է այս կերպ ճնշել քաղաքացիներին։

«Անկախ ամեն ինչից՝ խաղաղ ցույցերը շարունակվում են հանուն Վրաստանի եվրանդամակցության և նոր ընտրությունների։ Իշխանության ահաբեկման նշված մեթոդն արդեն չի աշխատում, ընդհակառակը, քաղաքացիները ավելի են զայրանում»-ասում է հետազոտական կենտրոնի տնօրենը։

Նշենք, որ գարնանը ևս «ռուսական օրենք» անունը ստացած «օտարերկրյա գործակալների մասին» օրինագծի ընդունման դեմ բողոքող քաղաքացիներին տարբեր հեռախոսահամարներից զանգահարում էին, հայհոյում, վիրավորում ու սպառնում բռնության ենթարկել։

Զանգերը ստացվում են և արտերկրից, և վրացական համարներից։

Նանուաշվիլին խորհուրդ է տալիս չպատասխանել նմանատիպ զանգերին, ուղղակի արգելափակել դրանք։