Ակադեմիական ոլորտի ներկայացուցիչները դատապարտում են խաղաղ ցույցի ցրումը

Վրաստանի համալսարանական հասարակությունը (պրոֆեսորներ, դասախոսներ և դոկտորանտներ) հայտարարություն է տարածել՝ դատապարտելով նոյեմբերի 19-ին Թբիլիսիի պետական ​​համալսարանի տարածքի շահարկումը, բռնի ուժով խաղաղ ցույցի ցրումը և ազատության սկզբունքների կոպիտ անտեսումը։

«Համալսարանը, որի դռները մշտապես պետք է բացի լիներ ուսանողների և դասախոսների համար, այսօր գործեց իր սկզբունքային առաքելությանը հակառակ՝ փակեց դռները սեփական ուսանողների առջև, թույլ տվեց ուժայիններին հարձակվել խաղաղ ցույցի մասնակիցների վրա»,- ասված է հաղորդագրությունում։

Ըստ համալսարանական հասարակության` այս արարքը վիրավորում է համալսարանը՝ որպես ազատության և առաջընթացի խորհրդանիշ, ոտնահարում է ակադեմիական անկախությունը, ինչ դեմ է է բուհի պատմական առաքելությանը։

Հայտարարության մեջ ընդգծվում է, որ կրթական տարածքները, հատկապես Իվանե Ջավախիշվիլու անվան Թբիլիսիի պետական ​​համալսարանը, որպես առաջին ազգային համալսարան, պետք է լինի մի վայր, որտեղ կպաշտպանվեն յուրաքանչյուր քաղաքացու հիմնարար իրավունքները, արտահայտվելու ազատությունը՝ անկախ անձնական համոզմունքներից։ Ասում են՝ հիշյալ սկզբունքը, որ բոլոր ուսումնական հաստատությունների գոյության հիմքն է, այսօր կոպտորեն խախտվում է։

«Մենք հայտարարում ենք, որ ցանկացած վարչակազմ, որը անտեսում է ուսանողների իրավունքները և խոսքի ազատությունը, կարժանանա ակադեմիական համայնքի բուռն բողոքին։ Միաժամանակ կարծում ենք, որ նշված արարքի համար պատասխանատու են գիտխորհուրդը և բուհի ռեկտորը, վերջինս լռել է՝ չանդրադառնալով տեղի ունեցածին»,- ասված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, երկու օր ուսանողները վրանային ակցիա էին իրականացնում պետհամալսարանի շրջակայքում, ուժի գործադրմամբ ոստիկանական ուժերը փորձում էին ցրել այն՝ ուսանողներին հետապնդելով նաև բուհի ներսում։