Վրաստանի քաղաքացիական ավիացիայի գործակալության հաղորդմամբ՝ AIR CHINA-ն դիտարկում է ընթացիկ տարվա սեպտեմբերից շաբաթական 3 անգամ Թբիլիսի և Ուրումչի քաղաքների միջև թռիչքների իրականացումը, և ավիաընկերության հետ խորհրդակցություններն ակտիվորեն ընթանում են թռիչքներն սկսելու նպատակով։
«Չինաստանը նոր առաջնահերթ ուղղություն է Վրաստանի զբոսաշրջության ոլորտի համար։ Չինաստանից ժամանած զբոսաշրջիկներն ավանդաբար ընտրում են երկարաժամկետ շրջագայություններ և բնութագրվում են բարձր ծախսային ունակությամբ: Ուղիղ չվերթերի հաճախականության աճը կնպաստի Չինաստանից ավելի շատ այցելուների ժամանմանը, ինչը դրականորեն կազդի զբոսաշրջության և քաղաքացիական ավիացիայի ոլորտների զարգացման դինամիկայի վրա, նաև լրացուցիչ խթան կհաղորդի երկկողմ առևտրին և տնտեսական հարաբերություններին», — ասել է էկոնոմիկայի փոխնախարար Մարիամ Քվրիվիշվիլին։
Նրա խոսքով, Վրաստանի կառավարությունն ակտիվորեն բանակցություններ է վարում չինական այլ քաղաքներից թռիչքներ սկսելու վերաբերյալ, որպեսզի ավելի շատ չինացի զբոսաշրջիկներ կարողանան այցելել Վրաստան։
Ներկա պահին Վրաստանի և Չինաստանի միջև կանոնավոր ուղևորային չվերթերն իրականացնում է China Southern Airlines-ը։ Անցյալ տարվանից ավիաընկերությունն աստիճանաբար ավելացրել է գործառնությունների հաճախականությունը և ներկայումս ամենօրյա թռիչքներ է իրականացնում Ուրումկի-Թբիլիսի-Ուրումկի ավիագծով։ 2024 թվականի 6 ամսվա տվյալներով՝ China Southern Airlines-ը Վրաստանի և Չինաստանի միջև իրականացրել է 19 հազար 991 ուղևորի փոխադրում։