Վրաստանի Մցխեթա քաղաքում բողոքի ցույց անցկացնելու նպատակով հավաքվել են մի մի խումբ ակտիվիստներ, այդ թվում՝ «Գաբեդե» (թարգմանաբար՝ փորձիր) քաղաքացիական շարժման անդամներ: Նրանց խոսքով, հավաքի նպատակը «Վրացական երազանք» կուսակցության մեծամասնական պատգամավոր Դիմիտրի Խունդաձեին հանդիպելն է:
Նշենք, որ Սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելու՝ 2020 թվականին խորհրդարանական ընտրությունները համամասնական կարգով անցկացնելու վերաբերյալ նախագիծը տապալողներից մեկը հենց Խունդաձեն էր:
Իրավապահ մարմինները ցուցարարներին հնարավորություն չեն տվել մտնել Մցխեթայի քաղաքապետարան, որտեղ տեղակայված է Խունդաձեի գրասենյակը: Ակտիվիստները հայտարարել են, որ ուզում են խոսել Խունդաձեի հետ սահմանադրական փոփոխությունների մասին, ինչից հետո տարածքում աղմուկ է բարձրացել:
Իրավապահ մարմինները բերման են ենթարկել «Գաբեդե» շարժման մի քանի ակտիվիստի: Վերջիններիս խոսքով, իրենց հանդեպ առանց որևէ պատճառի ֆիզիկական բռնություն է իրագործվել Ներքին գործերի նախարարության ներկայացուցիչների կողմից: