Մառնեուլիի շրջանի հայաբնակ Աղքյորփի գյուղի դպրոցի շենքի կանգունությունը փետրվարին տեղի ունեցած երկրաշարժից հետո ստուգելով՝ համապատասխան մարմինները գնահատել են վթարային և այնտեղ դասապրոցեսը շարունակելու թույլտվություն չեն տվել։ Շաբաթներ շարունակ դպրոցում դասապրոցեսն անցկացվում էր հեռավար՝ մի շարք խնդիրներ ստեղծելով։ Ու թեև շուրջ մեկ շաբաթ է, ինչ դասերն անցկացվում են ոչ հեռավար, սակայն խնդիրները լուծում գտնելուց բավական հեռու են։
«Մի մասը հիվանդանոցի հին շենքում, մի մասն էլ դպրոցի առաջին շենքում են դասերն անում»,- «Ալիք մեդիային» հայտնում է գյուղի բնակիչներից՝ հավելելով, որ թեև վտանգավոր է, սակայն օնլայն դասերից լավ է։
Մառնեուլիի սակրեբուլոյի պատգամավոր Արսեն Հախվերդյանը հաստատեց տեղեկությունը՝ նշելով, որ այս պահին սա այլընտրանք է, բայց միևնույնն է, տարակուսականք կա այս շրջանում երկրաշարժերի պատճառով։
Նշենք, որ փետրվարի 13-ին Վրաստանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով վնասվեց նաև Աղքյորփի գյուղի դպրոցի շենքը։ Խաթարված դասապրոցեսը մտահոգել էր գյուղաբնակներին, որոնք «Ալիք Մեդիայի» հետ զրույցում գյուղի առաջնային խնդիրներից են համարում հենց դպրոցի բացակայությունը։ Նրանց խոսքով՝ գյուղն առանց դպրոցի կսկսվի դատարկվել։ Գյուղացիների շրջանում անգամ լուրեր էին շրջանառվում, թե գյուղում այլևս դպրոց չի լինի, իսկ աշակերտները դպրոց կգնան հարևան գյուղերից մեկում՝ Խոժոռնիում։
Գյուղի բնակիչ Լյովա Դանիելյանը նշում է, որ, եթե անգամ նոր շենք կառուցվի, ապա դա մեկ օրվա գործ չի լինի և պետք է այլընտրանքային տարբերակ մտածել մինչ այդ։
«Ծնողները, միանշանակ, չեն համաձայնվի, որ երեխաներին տեղափոխեն այլ դպրոց։ Հիմա գոնե մի քայլ ձեռնարկեն, որ գնան դպրոց», — ասում է Դանիելյանը։
Հեռավար ուսուցումն էլ իր հերթին էր խնդիրներ առաջացրել, քանի որ գյուղում բնակվող ընտանիքներից շատերին ինտերենտ կապն անհասանելի է։
«Դասերը շաբաթներ շարունակ օնլայն էին, բայց օնլայն էլ այն չէ, երեխաները մեկ դաս են անում, մեկ՝ ոչ։ Կան ընտանիքներ, որոնք ինտերնետ ունենալու հնարավորություն չունեն, հետևաբար նաև առանց դասերի էին մնում»,- ասում է Մանվել Կիրակոսյանը։
Բնակիչներից նաև կարծիքներ հնչեցին, որ ավելի լավ էր դոմիկներ բերվեին՝ միացվեին հին ամբուլատորիայի շենքին և այդպես շարունակեին դասերը։
«Ասում են՝ ավտոբուսներ են հատկացնելու, որ աշակերտներին տանեն ներքևի գյուղեր։ Կողքի գյուղերից էին գալիս Աղքյորփիում ուսումը շարունակելու, հիմա Աղքյորփիի դպրոցի աշակերտները պիտի գնան այլ գյուղե՞ր»,- «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասում է Գասպարյանն ու հավելում՝ ամենամեծ գյուղերից մեկն է Աղքյորփին, այդպես չի կարող լինել։
Մառնեուլիի սակրեբուլոյի պատգամավոր Արսեն Հախվերդյանն «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասում է, որ դպրոցի չգործելու մասին լուրերն անհիմն են, քանի որ ընդհանուր 140 և ավել (աշակերտները և ուսուցիչները միասին) անձնակազմն ամեն օր տրանսպորտով Աղքյորփիի ճանապարհով այլ գյուղ տանելն ուղղակի անհնար է:
Հախվերդյանը նշում է՝ միակ դպրոցը, որը կարող է տեղավորել նաև Աղքյորփփի գյուղի դպրոցի աշակերտներին՝ Խոժոռնին է:
«Այս ճանապարհով նախ ես թույլ չեմ տա, որ ամեն օր 5-6 ավտոբուս երեխաներին տանի և բերի: Եվ ի վերջո, գյուղն առանց դպրոցի, ուղղակի, անհնարին է պատկերացնել», — ասում է Հախվերդյանը:
Օնլայն դասերին Հախվերդյանն էլ է դեմ, սակայն, ցավոք, այլ տարբերակ չեն ունեցել.
«Շուտով ամառային արձակուրդներն են, այդ ընթացքում կփորձենք անել ամեն ինչ, որ սեպտեմբերից գոնե իրական պայմաններում դասեր անցկացվեն: Գուցե ամբուլատորիայի շենքը կամ դրա հարակից մեծ դահլիճը ծառայեցնենք այս նպատակին, բայց անելու ենք ամեն ինչ, որ դասերն անցկացվեն իրական պայմաններում»:
Պատգամավորի խոսքով՝ միանշանակ, գյուղում դպրոց կառուցվելու է.
«Բոլորս էլ հասկանում ենք, որ սա 1-2 ամսվա գործ չէ, բայց ես վստահեցնում եմ, որ գյուղն ունենալու է իր դպրոցը»:
Ընգծում է, որ պատկան մարմինները ևս տեղյակ են, և բարձր մակարդակներում անգամ քննարկվում է գյուղում նոր դպրոց կառուցելու հարցը:
Այս մասին՝
Երկրաշարժի հետևանքով վնասվել է Աղքյորփի գյուղի դպրոցը և մի քանի տուն