Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի Մառնեուլիի մունիցիպալիտետի Աղքյորփի գյուղում ներքին ճանապարհներ վերկանգնելու համար հայտարարված մրցույթը չի կայացել: Ճանապարհների վերականգնման համար Մառնեուլիի քաղաքապետարանը 268 հազար 132 լարիի մրցույթը հայտարարել էր 2024 թվականի հունվարի 11-ին:
Մրցույթը չի կայացել, քանի որ մրցույթին ոչ մի ըկերություն չի մասնակել: Ըստ Վրաստանի պետական գնումների գործակալության կայքում հայտարարված մրցույթային փաստաթղթի՝ վերոնշյալ գումարի 95 տոկոսը ֆինանսավորվում էր պետական բյուջեից, իսկ 5 տոկոսը՝ տեղական ինքնակառավարման միջոցներից:
Փաստաթղթի համաձայն, նախատեսվում էր ճանապարհահատվածները և ճանապարհների եզրերը մաքրել շինարարական աղբից ու տեղումների հետևանքով առաջացած քարերից։ Ճանապարհի մակերեսի նախագծման ժամանակ հաշվի են առնվել ճանապարհի մակերեսի առկա վիճակը և գեոտեխնիկական տվյալները։ Ճանապարհահատվածները կբետոնապատվեն:
Մրցույթին մասնակցել ցանկացողները կարող էին հայտ ներկայացնել հունվարի 28-ից փետրվարի 2-ն ընկած ժամանակահատվածում։ Հաղթողը պարտավոր էր աշխատանքները կատարել պայմանագիրը կնքելուց հետո՝ 80 օրացուցային օրվա ընթացքում։