Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի Մառնեուլիի շրջանի Սադախլո-Ծոփի-Աղքյորփի-Հայաստանի Հանրապետության սահման 25 կմ երկարության ճանապարհի՝ Սադախլո-Աղքյորփի 9-18 կմ հատվածի վերանորոգման աշխատանքները սահմանված մարտի 13-ի փոխարեն կավարտվեն հունիսի 10-ին:
Հիշեցնենք, որ վերանորոգման աշխատանքները սկսվել են 2021-ի դեկտեմբերին և, ըստ նախնական պայմանագրի, պետք է ավարտվեին 2023 թվականի մարտի 13-ին: Սակայն, շինաշխատանքներն իրականացնող «Իբերի» ընկերությունը պայմանագրի ավարտից 3 օր առաջ՝ մարտի 10-ին դիմել է պատվիրատուին՝ Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտին, շինարարական աշխատանքների վերջնաժամկետի երկարաձգման խնդրով, որը բավարարվել է:
Շինաշխատանքներն իրականացնող «Իբերի» ընկերության տնօրեն Նիկոլոզ Չախվաշվիլին «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում ասաց, որ շինաշխատանքների նախագծում որոշակի թերություններ կային, որի պատճառով էլ դիմել են շինաշխատանքների վերջնաժամկետը երկարացնելու համար:
«Պարզվում է՝ քարքարոտ հատվածները, որոնք նախատեսված էին նախագծով, ավելի ամուր ու կարծր են, քան ենթադրվում էր ի սկզբանե. հետևաբար, ավելի շատ աշխատանք և ժամանակ են պահանջում դրանք իրականացնելու համար. թերությունը նախագծի մեջ էր»,- ասաց «Իբերի» ընկերության տնօրենը:
Ըստ Չախվաշվիլիի՝ արդեն մշակված ճանապարհի ասֆալտապատումը կսկսվի մինչև այս ամսվա վերջը, իսկ վերջնաժամկետում ավարտելը կախված է մի շարք գործոններից.
«Ճանապարհի այդ հատվածում կա նաև կամուրջ, որը վնասված է, և այդ կամրջի համար ուսումնասիրություն է անցկացվում, որպեսզի դա ևս համապատասխանի ստանդարտներին. սպասում ենք կամրջի վերաբերյալ լաբորատոր պատասխաններին, հնարավոր է՝ լիովին նոր կամուրջ կառուցվի: Կամրջի հետ կապված խնդիրներից ելնելով` չեմ կարող ասել, թե երբ կավարտվի, բայց ասֆալտապատումը կսկսենք այս ամսվա վերջից»,- մանրամասնեց Չախվաշվիլին:
Նրա խոսքով, նախագծի բյուջեում լրացուցիչ դրամական փոփոխություն նախատեսված չէ (ամբողջ նախագծի արժեքը 6 մլն 655 հազար 986 լարի է-խմբ.): Ինչպես նշեց Չախվաշվիլին՝ աշխատանքներն ակտիվ ընթացքի մեջ են, այս փուլում ընթանում են արհեստական կառույցների իրականացման աշխատանքները և պատրաստվում են ասֆալտապատման մեկնարկին:
Ի դեպ, Սադախլո-Ծոփի-Աղքյորփի-ՀՀ սահման 25 կմ երկարության ճանապարհը տարիներ շարունակ, մեղմ ասած, անմխիթար վիճակում է: Ճանապարհի շինարարությունը մեկնարկել է 2019-ից. սկզբում վերանորոգվել է 5 կմ հատվածը, իսկ հիմա՝ երկու տարի դադարից հետո, ընթանում են 9 կմ-ի շինաշխատանքները, որն սկսվել է 2021-ի դեկտեմբերին։ Ի դեպ, ընթացիկ վերանորոգումը մինչև Աղքյորփի գյուղ չի հասնում, թեև խոստանում են դա էլ կյանքի կոչել մինչև 2024 թվականի ավարտը:
Այս ճանապարհին են գտնվում Մառնեուլիի շրջանի հայաբնակ Չանախչի, Խոխմել, Օփրեթ, Խոժոռնի, Գյուլիբաղ և Ծոփ գյուղերը:
Ուշագրավ է, որ Չախվաշվիլին ավելի վաղ «Ալիք Մեդիա»-ին տեղեկացրել էր, որ ճանապարհի շինարարությունը բարդություններով է ընթանում: Նա նշել էր՝ ծախսերի հետ կապված, խնդիրներ են առաջացել. պատճառաբանելով թանկացումներով, նաև նշել էր, որ կառավարությունը նոր որոշում է ընդունել, և թանկացումների պատճառով տուժած ընկերություններին պետք է փոխհատուցի:
Ըստ նրա՝ բացի ծախսերի անժամանակ ավելացումը, ռելիեֆը ևս խնդիրներ էր առաջ բերել. հարկ է եղել հետազոտություններ անցկացնել, հետո ժայռը քանդել, ճանապարհը լայնացնել, և աշխատանքները դանդաղել են նաև այդ պատճառներով:
Աղքյորփիով Վրաստանից Հայաստան ճանապարհի վերանորոգման ավարտը չի երևում