Աղքյորփիի վնասված ճանապարհը վերականգնվում է

Մառնեուլիի մունիցիպալիտետի հայաբնակ Աղքյորփիի գյուղամիջյան ճանապարհը, որը գետի վարարման հետևանքով վնասվել էր, վերականգնվում է:

Մայիսի 25-ին հորդառատ անձրևի հետևանքով վարարած գետը հեղեղել և քշել էր Աղքյորփի գյուղի մի շարք փողոցներ, ընկել էին ծառեր. գյուղը, փաստացի, բաժանվել էր երկու մասի, վնասվել էր բեռնատար ավտոմեքենաների ճանապարհը։

Աղքյորփի գյուղը Մառնեուլիի սակրեբուլոյում ներկայացնող Արսեն Հախվերդյանն «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում ասաց՝ հեղեղումներից հետո անձամբ է այցելել գյուղ, լուսանկարել է վնասված ենթակառուցվածքները և դրանք ներկայացրել Մառնեուլիում հեղեղումների վնասները վերացնելու նպատակով ստեղծված հանձնաժողովին, որից հետո հանձնաժողովի անդամները ևս տեղում ծանոթացել են ստեղծված իրավիճակին:

«Այս պահին Աղքյորփիում հատուկ տեխնիկա է աշխատում. փորձում են վերացնել ստեղծված խնդիրները, որպեսզի գյուղում վերականգնվի բնականոն կյանքը», — ասաց Հախվերդյանը` շնորհակալություն հայտնելով Մառնեուլիի քաղաքապետի առաջին տեղակալին ու սակրեբուլոյի նախագահին՝ արագ արձագանքման համար։

Հիշեցնենք, մայիսի 25-ից շարունակվող հորդառատ անձրևների հետևանքով հեղեղվել էին միջպետական և գյուղամիջյան ճանապարհները։ Շրջկենտրոն Մառնեուլիից դեպի Աղքյորփի, Չանախչի, Օփրեթի և Խոխմել գյուղեր տանող միակ ճանապարհին առկա կամրջի շինարարական աշխատանքների պատճառով հատկացված ժամանակավոր ճանապարհը գետը քշել, տարել էր: Ի դեպ, այս ճանապարհը նաև հայ-վրացական միջպետական ճանապարհ է հանդիսանում: