
Մառնեուլիի քաղաքապետարանը նախատեսում է վերանորոգել այս պահին որպես դպրոց ծառայող Աղքյորփի գյուղի ամբուլատորիայի շենքի սենյակներից մեկը։
Հոկտեմբերի 18-ին հայտարարված մրցույթի փաստաթղթի համաձայն՝ ամբուլատորիայի շենքի մեկ սենյակի վերանորոգման աշխատանքների համար նախատեսվում է ծախել 9 485 լարի:
Փաստաթղթում նշվում է, որ հաղթող ընկերությունն աշխատանքները պետք է իրականացնի պայմանագիրը կնքելուց 45 օրացուցային օրվա ընթացքում։
Հարկ է նշել, որ վերանորոգվող սենյակը ծառայելու է որպես դասասենյակ. այս պահին այն անբարեկարգ վիճակում է՝ հատակը հողածածկ է, պատերին ճաքեր կան: Ընդգծենք, որ դասասենյակի վերանորոգումից հետո նույնիսկ՝ դասապրոցեսն իրականացվելու է երկու հերթափոխով՝ մինչև նոր դպրոցի կառուցումը:
Նշենք, որ երկրաշարժի հետևանքով վնասված և վթարային ճանաչված Մառնեուլիի շրջանի հայաբնակ Աղքյորփի գյուղի դպրոցի աշակերտներն ուսումնական տարին սկսել են գյուղի ամբուլատորիայի շենքում և դպրոց են հաճախում երկու հերթափոխով: