
Մառնեուլիի շրջանի Սադախլո-Ծոփի-Աղքյորփի-Հայաստանի Հանրապետության սահման տանող ճանապարհի 9-18 կմ հատվածի շինաշխատանքների պայմանագիրը հերթական անգամ երկարաձգվել է: Ճանապարհը, որի շինարարությունը մեկնարկել է 2021 թվականին և պետք է ավարտվեր 2023 թվականի մարտին, 2025 թվականի մարտի 22-ի դրությամբ դեռ շարունակվում է:
Թեև ճանապարհը երթևեկելի է, ասֆալտապատումն էլ ավարտված է, բայց շարունակում է անավարտ մնալ ճանապարհային գծանշումների ու նշանների բացակայության պատճառով:
Շինաշխատանքներն իրականացնող «Իբերի» ընկերության տնօրեն Նիկոլոզ Չախվաշվիլին «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում ասաց՝ ճանապարհի ասֆալտապատումն ավարտվել է, կամուրջը բաց է, ճանապարհն էլ երթևեկելի է: Ըստ նրա՝ մնացել է միայն ճանապարհային գծանշումներն իրականացնել ու ճանապարհային նշաններ տեղադրել:
«Ճանապարհային գծանշումների իրականացումն ու ճանապարհային նշանների տեղադրումը կշարունակվեն եղանակի բարելավվելուն պես. այս շրջանը տեղումնառատ է, ինչը խանգարիչ հանգամանք է գծանշումների համար», — ասաց Չախվաշվիլին:
Ճանապարհի շինարարությունը ձգվում է ավելի քան երեք տարի, իսկ պայմանագիրը պետք է ավարտվեր դեռ երկու տարի առաջ: Անդրադառնալով այս խնդրին, Չախվաշվիլին ասաց, որ ճանապարհի շինարարության ընթացքում այնպիսի խնդիրներ են ի հայտ եկել, որոնք նախապես հաշվարկված չեն եղել:
Որ ճանապարհը երթևեկելի է, և ասֆալտապատումն ավարտված է, «Ալիք Մեդիա Վրաստան»-ին հաստատեց նաև Չանախչի գյուղի բնակիչ Հրանտ Խուդինյանը: Նրա խոսքով, այս պահին ճանապարհին ակտիվ աշխատանքներ չեն տարվում, բայց ճանապարհային նշանների սյուներ ու լուսադարձիչներ են տեղադրված:
«Աշխատանքներն ակտիվ անվանել չեմ կարող, բայց աշխատանքներ երբեմն տարվում են: Այս պահին ճանապարհն ամբողջությամբ ասֆալտապատ ու երթևեկելի է, իսկ ճանապարհային նշանների տեղադրումն ընթացքի մեջ է, գծանշումներ դեռ չեն արվել», — ասաց Խուդինյանը:
Սադախլո-Ծոփի-Աղքյորփի-ՀՀ սահման ճանապարհը, որի երկարությունը 25 կմ է, շինարարությունը մեկնարկել է 2019 թվականից. սկզբում վերանորոգվել է 5 կմ հատվածը, երկու տարվա դադարից հետո՝ 2021 թվականի դեկտեմբերից, ընթանում են 9-18 կմ հատվածի շինաշխատանքները: Ընթացիկ վերանորոգումն, ի դեպ, Աղքյորփի գյուղ չի հասնում:
Ճանապարհի անբարեկարգ վիճակն ու տարիներ ձգված շինարարությունը խնդիր էր առաջացրել այդ ճանապարհից օգտվող Աղքյորփի, Չանախչի, Խոխմել, Օփրեթ գյուղերի բնակիչների համար:
Շինարարական աշխատանքների այս երեքից ավելի տարիների ընթացքում նախագծում շուրջ 29 փոփոխություն է կատարվել: Վերջին՝ 29-րդ փոփոխության պատճառով նախագծի ավարտը երկարաձգվել է մինչև 2025 թվականի ապրիլի 20-ը: Չախվաշվիլին վստահեցրեց՝ եթե եղանակային պայմանները բարելավվեն, աշխատանքները կհասցնեն մինչ այդ ժամկետն ավարտել:
Հարկ է նշել, սակայն, որ 2021 թվականից ի վեր, երբ պայմանագրում նման փոփոխություն էր կատարվում, «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում Չախվաշվիլին բազմիցս վստահեցնում էր, որ դա «վերջնաժամկետն է»: Նախ մատնանշում էր առաջացած բարդությունները, հետո՝ նախագծի հետ կապված թերությունները։
Նախագծի արժեքը 6 մլն 161 հազար 412 լարի 90 թեթրի է: Պետական գնումների գործակալության կայքում հրապարակած տվյալներից պարզ է դառնում, որ Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհների դեպարտամենտը «Իբերի» ընկերությանը վճարել է 5 մլն 554 հազար 675 լարի 90 թեթրի, այսինքն՝ գումարի 90 տոկոսը:
Աղքյորփիով Հայաստան տանող ճանապարհի կառուցումը կրկին հետաձգվել է