Վրաստանի Մառնեուլիի շրջանի հայաբնակ Աղքյորփի գյուղում նոր դպրոց է կառուցվում. համապատասխան աշխատանքներն սկսվել են։ Դպրոցի նախկին շենքը 2022 թվականի փետրվարի 13-ի երկրաշարժի հետևանքով վնասվել և վթարային էր ճանաչվել։ Այժմ շենքը ապամոնտաժվել է՝ տեղում նորը կառուցելու նպատակով:
«Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում Աղքյորփի գյուղի դպրոցի տնօրեն Վիոլետա Սուքիասյանն ասաց՝ ըստ առկա տեղեկությունների, նոր դպրոցի կառուցումը նախատեսվում է ավարտել 2025 թվականին։ Տնօրենն ընդգծեց՝ եթե եղանակային պայմանները չխանգարեն: Սուքիասյանը նաև հավելեց՝ շինաշխատանքների բարեհաջող ընթացքի դեպքում, հավանաբար, նոր 2025-2026 ուսումնական տարին կդիմավորենք եվրոպական նոր չափանիշներով դպրոցում:
«Նոր դպրոցը, ըստ շինաշխատավայրում առկա մակետի, երկհարկանի է լինելու, նախատեսված է 160 աշակերտի համար: Կլինի եվրոպական ստանդարտներին համապատասխան։ Նախկինում ուսումնական պրոցեսում բովանդակություն կար, բայց ձև չկար. նոր դպրոցի պայմաններում ձևն ու բովանդակությունը կհամատեղվեն, ավելի լավ արդյունք կապահովեն ուսումնական գործընթացում»,- ասաց Սուքիասյանը։ Ըստ նրա` նոր դպրոցն աշակերտներին դրական ազդակ կհաղորդի:
Մառնեուլիի քաղաքապետարանի տարածած տեղեկության համաձայն, Աղքյորփիի դպրոցի կառուցման համար պետական բյուջերից հատկացվել է 4 մլն 387 հազար 487 լարի:
Մառնեուլիի սակրեբուլոյում Աղքյորփի գյուղը ներկայացնող պատգամավոր Արսեն Հախվերդյանի խոսքով, նոր դպրոցի կառուցման հիմնական խնդիրը հին շենքի ապամոնտաժումն էր. մի մասը պնդում էր՝ հին շենքը պատմամշակութային կոթող է, ընդդիմախոսները հակառակ կարծիքի էին: Հախվերդյանի խոսքով, ի վերջո, պարզվել է, որ շենքը պատմամշակության կոթող չէ:
«Թույլտվությունն ստանալուն պես սկսվեց ապամոնտաժման աշխատանքը, այժմ ամբողջությամբ ապամոնտաժված է. հիմա եղանակային պայմաններն են խանգարում: Շինարարական կազամակերպությունը խոստացել է՝ եղանակային պայմանները հենց բարելավվեն, շինաշխատանքը կսկսեն»,- վստահեցրեց Հախվերդյանը:
Աղքյորփիի դպրոցի շինաշխատանքն իրականացնելու է «Դագի» ընկերությունը: Ըստ ընկերության կայքում հրապարակված լուսանկարների՝ Աղյքորփիի դպրոցը երկհարկանի է լինելու: Հոդվածի հրապարակման պահին ընկերության կայքում դպրոցի շինաշխատանքների վերաբերյալ այլ հանրային տեղեկություն չկա: Եթե հիմք ընդունենք Մառնեուլիի քաղաքապետարանի հայտարարությունը, ապա Աղքյորփիի դպրոցի շինաշխատանքները պետք է ավարտվեն 2025 թվականին, քանի որ, ըստ քաղաքապետարանի՝ շինաշխատանքը ֆինանսավորվել է 2023-2025 թվականների պետբյուջեից:
Բարձրլեռնային համարվող Աղքյորփիի բնակիչ Մելսիկ Վարդումյանը, որ երկու երեխա է ճանապարհում դպրոց, «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում ասաց՝ բնականաբար, նոր դպրոցն իր առավելությունները կունենա, երեխաներն ավելի լավ կսովորեն, արդեն իսկ ոգևորված են:
«Ուրախացել են թե՛ երեխաները, թե՛ ծնողները: Նոր դպրոցը երեխաներին նոր հնարավորություններ կտա: Ամբուլատորիայի շենքում երկու հերթափոխով դասերը դժվարացնում են երեխաների կյանքը. նոր դպրոցը կլուծի բոլոր խնդիրները»,- ասաց Վարդումյանը:
Հիշեցնենք. 2022 թվականի փետրվարի 13-ին տեղի ունեցած ուժգին երկրաշարժի հետևանքով վնասվել էր Աղքյորփի գյուղի դպրոցը: Աղքյորփի գյուղի դպրոցի շենքի ամրության աստիճանը փետրվարին տեղի ունեցած երկրաշարժից հետո ստուգելով՝ համապատասխան մարմինները կառույցը գնահատել էին վթարային և այնտեղ դասապրոցեսը շարունակելու թույլտվություն չէին տվել։ Դասապրոցեսը` երկու հերթափոխով, արդեն 3-րդ տարին է (2022-2023, 2023-2024, 2024-2025) անցկացվում է գյուղի ամբուլատորիայի շենքում: