Մառնեուլիի շրջանի վրաց-հայկական սահմանին գտնվող հայաբնակ Աղքյորփի գյուղում բետոնապատվել է երեք ներքին ճանապարհ:
Բետոնապավել են գյուղի համեմատաբար թեք, վերելքով ու ձմռանը վտանգ ներկայացնող ճանապարհները: Բետոնապատված երեք ճանապարհները միասին կազմում են մոտ 700 մետր:
Մառնեուլիի սակրեբուլոյի պատգամավոր Արսեն Հախվերդյանը «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասում է, որ բետոնապատված ճանապարհներն առանց այն էլ վտանգավոր էին, իսկ ձմռանը մեքենայով կամ որևէ այլ տեխնիկայով տեղաշարժն ուղղակի սահմանափակվում էր:
«Հաջորդ տարի կփորձենք բարեկարգել էլ ավելի մեծ չափի ճանապարհներ. բարելավվում է գյուղացիների կյանքը, տեղաշարժն ավելի է հեշտանում»,- ասում է Հախվերդյանը:
Աղքյորփի գյուղի բնակիչ Մելսիկ Վարդումյանն «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասում է, որ բետոնապատ ճանապարհը կլուծի ամենակարևորը՝ տեղաշարժի խնդիրը:
«Ձմռանը՝ առատ ձյան պայմաններում մեր թաղամաս եկող վերելքով ճանապարհն անհասանելի էր դառնում. ձորաբերանի կիսաքանդ ճանապարհն իսկական վտանգ էր ներկայացնում: Շտապօգնության մեքենաները չէին կարողանում բարձրանալ»,- ասում է Վարդումյանը:
Նրա խոսքով, վերջին շրջանում գյուղում ենթակառուցվածքային ծրագրերի ակտիվացում է նկատվում, ինչը, բնականաբար ակտիվացնում է գյուղական կյանքը:
Նշենք, որ ճանապարհների բետոնապատման համար ծախսվել է մոտ 400 հազար լարի: