Վրաստանում շարունակում է ահագնանալ անկառավարելի դարձած գնաճը՝ իր բացասական հետքը թողնելով բնակչության վրա։
Մառնեուլիի շրջանի Աղքյորփի գյուղի թոշակառու բնակիչ Վանիկ Օգանիսյանն «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասում է, որ հատկապես թանկացել է ալյուրը.
«Մեկ պարկ ալյուրը գրեթե 100 լարի է։ Ես թոշակ եմ ստանում, կարողանում եմ քիչ թե շատ ապրել, իսկ նա, ով ոչինչ չի ստանում, մի կերպ է ապրում»։
Մեկ այլ թոշակառու՝ Ավետիք Աթաբեկյանն էլ նշում է, որ հատկապես թանկացել է ձեթը, մակարոնեղենը, շաքարավազը։
«Հիմնականում սննդամթերքը թանկացել է, ուղղակի ամենօրյա օգտագործման սննդի մեջ ավելի ակնառու է թանկացումը»,- ասում է Աթաբեկյանը։
Երիտասարդ բնակիչներից Նարեկ Վարդումյանն էլ «Ալիք Մեդիայի» հետ զրույցում սննդամթերքի թանկացման հետ միասին նշում է նաև վառելանյութի թանկացումը, ինչ գյուղացիների համար ևս կարևոր է՝ հատկապես այս սեզոնին։
«Գյուղում եկամուտը հիմնականում գալիս է անասնապահությունից և հողագործությունից, հետևաբար շատ դժվար է այս թանկացումների ֆոնին ապրելը», — նշում է Վարդումյանը։
Տարեց բնակչուհիներից Լիանա Վարդումյանն էլ նկատում է, որ համատարած թանկացումներ են, որոնք բնականաբար բացասաբար են անդրադարձել յուրաքանչյուր գյուղացու վրա։
«Աշխատանք չկա, համատարած ամեն ինչը թանկացել է, գյուղում ապրելը դժվարացել է»,- «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասում է Մանվել Կիրակոսյանը։
Կիրակոսյանի հետ համակարծիք է Ռոբերտ Մամուլյանը։
Սուսան Վարդումյանը ևս առանձնացնում է սննդամթերքի թանկացումը և հավելում՝ ամեն ինչ թանկացել է։
«Գյուղից կաթնամթերք ենք տանում վաճառում, գնումներ կատարում, գալիս», — ասում է Վարդումյանը։
Նշենք, որ Վրաստանում ապրիլին տարեկան գնաճը կազմել է 12,8 տոկոս։
Գնաճի հիմնական պատճառներից է համարվում տարածաշրջանում, մասնավորապես Ուկրաինայում ընթացող պատերազմը։
Վրաստանում թանկացումներ են նկատվում վերջին շրջանում հատկապես, և դեռ շարունակում են թանկանալ նավթամթերքը, հացը և ալյուրը։
Կարդացեք նաև՝
Մառնեուլիի շրջանի Խոժոռնի և Դամիա գյուղերի բնակիչները՝ թանկացումների վերաբերյալ. հարցումներ
Աղքյորփիում խաթարվել է դասապրոցեսը․ դպրոցը վթարային է․ լուսանկարներ
Վրաց-հայկական խստացված սահմանը հայաբնակ գյուղերում մի շարք խնդիրներ է ստեղծել