Երկրաշարժի հետևանքով վնասված և վթարային ճանաչված Մառնեուլիի շրջանի հայաբնակ Աղքյորփի գյուղի դպրոցի աշակերտներն ուսումնական տարին սկսել են գյուղի ամբուլատորիայի շենքում և դպրոց են հաճախում երկու հերթափոխով:
«Ալիք Մեդիայի» հետ զրույցում Աղքյորփի գյուղի դպրոցի տնօրեն Վիոլետա Սուքիասյանն ու Մառնեուլիի սակրեբուլոյի պատգամավոր Արսեն Հախվերդյանը վստահեցնում են, որ Աղքյորփի գյուղը նոր դպրոց կունենա:
Դպրոցի տնօրեն Վիոլետա Սուքիասյանն ասում է, որ նախկին դպրոցի տարածքում նոր դպրոց է կառուցվելու.
«Արդեն համապատասխան նախագիծը մշակվել է, չափագրվել է, համապատասխան գերատեսչությունների աշխատակիցները գնահատել են դպրոցի նախկին շենքը և պարզել, որ վերջինս ենթակա է փլուզման. հենց նույն դպրոցի տարածքում էլ կառուցվելու է նոր դպրոցը»,- ասում է Սուքիասյանը:
Ըստ նախնական տվյալների, նոր դպրոցն ունենալու է 12 դասասենյակ` նախատեսված 120 աշակերտի համար: Սուքիասյանը հավելում է, որ ի սկզբանե իրենք ցանկացել են, որ նոր դպրոցը կառուցվի 200 աշակերտի համար:
Մառնեուլիի սակրեբուլոյի պատգամավոր Արսեն Հախվերդյանն էլ ընդգծում է՝ ճիշտ է, համապատասխան չափագրումները դպրոցի կառուցման համար արվել են 120 աշակերտի համար, բայց ինքն ամեն կերպ կփորձի միջամտել, որ դպրոցը կառուցվի 150-200 աշակերտի համար:
Հախվերդյանի փոխանցմամբ, դպրոցի շինաշխատանքը, նախնական տվյալներով, պետք է ավարտվի 1 տարվա ընթացքում:
«Դպրոցի շինաշխատանքի ակտիվ ընթացքը պայմանավորված է նաև գյուղ բերող ճանապարհի վիճակով. շինանյութն անխափան գյուղ հասցնելը հենց ճանապարհներից է կախված, ինչն էլ, բնական է, կազդի դպրոցի շինաշխատանքի կազմակերպման ընթացքի վրա»,- ասում է Հախվերդյանը:
Դպրոցի տնօրենի փոխանցմամբ, հնարավոր է՝ դպրոցի շինարարությունը մեկնարկի հենց հոկտեմբեր ամսին: Ըստ նրա, չափագրում անցկացրած կազմակերպությունը հայտնել է՝ «անգամ սաստիկ ձմռան պարագայում հնարավոր կլինի շինաշխատանք կատարել»:
Նշենք, որ Աղքյորփի գյուղի ամբուլատորիայի շենք շատ հին է և նախկինում դպրոցի համար չի օգտագործվել, գյուղի հիվանդանոցի շենքն է եղել, իսկ այժմ տրվել է դպրոցին՝ ժամանակավոր օգտագործման համար:
Հատկանշական է նաև, որ նոր դպրոցի կառուցման համար դեռևս մրցույթ չի հայտարարվել:
Վրաստանում էթնիկ-կրոնական փոքրամասնությունների ստեղծած և նրանց շահերը ներկայացնող «Սալամ» հասարակական կազմակերպությունը (ՀԿ) սեպտեմբերի 28-ին ակցիա-ֆլեշմոբ է անցկացրել, որի ընթացքում ցուցադրել են նկարներ՝ ազգային փոքրամասնությունների գյուղերի դպրոցների իրավիճակի պատկերներով: Ակցիային ներկայացված էր նաև Աղքյորփի և այլ գյուղերի դպրոցների լուսանկարներ. ակցիայի նպատակը՝ Քվեմո Քարթլիի շրջանի դպրոցների բարեկարգումն ու նորմալ կրթական միջավայրի ստեղծումն էր:
Նշենք, որ 2022 թվականի փետրվարի 13-ին տեղի ունեցած ուժգին երկրաշարժի հետևանքով վնասվել էր Աղքյորփի գյուղի դպրոցը: Աղքյորփի գյուղի դպրոցի շենքի ամրության աստիճանը փետրվարին տեղի ունեցած երկրաշարժից հետո ստուգելով՝ համապատասխան մարմինները կառույցը գնահատել էին վթարային և այնտեղ դասապրոցեսը շարունակելու թույլտվություն չէին տվել։