Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) փոխանցմամբ՝ 2022 թվականին Վրաստանում աղքատության բացարձակ մակարդակից ցածր պայմաններում ապրող բնակչության մասնաբաժինը, նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ, նվազել է 1,9 տոկոսային կետով և կազմել 15,6 տոկոս։
Ըստ զեկույցի՝ 2022 թվականին քաղաքային բնակավայրերում աղքատության բացարձակ ցուցանիշը նվազել է 2,7 տոկոսային կետով և կազմել 12,3 տոկոս, իսկ գյուղական բնակավայրերում` նվազել է 0,7 տոկոսային կետով և կազմել 20,6 տոկոս։
Geostat-ի տվյալների համաձայն, 2022 թվականին աղքատության բացարձակ ցուցանիշը նախորդ տարվա համեմատ նվազել է բնակչության բոլոր տարիքային խմբերում։ Մասնավորապես, մինչև 18 տարեկան տարիքային խմբում ցուցանիշը կազմել է 20,4 տոկոս (-2,3 տոկոսային կետ), 18-64 տարիքային խմբում՝ 15,3 տոկոս (-2,0 տոկոսային կետ), իսկ 65 և բարձր տարիքային խմբում՝ 10,5 տոկոս (-1,4 տոկոսային կետ):
«Կանանց բացարձակ աղքատության մակարդակը նվազել է 1,8 տոկոսային կետով և կազմել 15,3 տոկոս, իսկ տղամարդկանց դեպքում՝ նվազել է 2,1 տոկոսային կետով և կազմել 15,8 տոկոս»,- նշել է Geostat-ը: