Վրաստանի քրեական օրենսգրքով հաստատված` մարդուն առևանգելու դեմ պատիժների պարագայում անգամ, այնուամենայնիվ, լինում են կնոջ կամքին հակառակ կամ կամոք առևանգելու դեպքեր, ինչն ավանդաբար «աղջիկ փախցնելու» պրոցես են անվանում։ «Հետևաբար, եթե մարդուն առևանգում ես ամուսնանալու նպատակով, ուրեմն` արդարացվա՞ծ ես» հարցին մարդու իրավունքների պաշտպաններն արձագանքում են այսպես․ «Միանշանակ` ո՛չ»։
Վրաստանում իրավապաշտպաններից ոմանք կարծում են, որ անչափահաս աղջիկների առևանգումը և, համապատասխանաբար, հարկադիր ամուսնության հիմքով նրանց ազատությունից ապօրինի զրկելը շարունակում է մարտահրավեր մնալ երկրում։
Որոշ դեպքերում Վրաստանի ներքին գործերի նախարարության աշխատակիցները տեղյակ էլ չեն լինում, քանի որ, ըստ երևույթին, կողմերը համաձայնության են գալիս կամ կողմերից մեկը «համակերպվում է»։ Թեև այս հարցը քննարկելիս Վրաստանում թիրախային խումբը համարվում է իսլամական բնակչությունը, այնուամենայնիվ` խնդիրն առկա է ողջ երկրում, այդ թվում՝ Սամցխե-Ջավախեթիում։
Սամցխե-Ջավախեթիի որոշ գյուղերում և ոչ միայն գյուղերում այս երևույթը դեռևս ավանդույթ է համարվում։ Ախալքալաքցի, մասնագիտությամբ իրավաբան 34-ամյա Աննա Կարապետյանի խոսքով` հատկապես այս սեզոնին նման լուրեր շատ են տարածվում․
«Լսում ես դեպքերի մասին, բայց ոչինչ չես կարող անել կամ ասել, արդեն «բարիշել են», երբեմն էլ ասում են` չեն փախցրել, ինքն է փախել։ Բայց սա ոչ մի կերպ չի արդարացնում մեղքը, շատ դեպքերում այդ փախչողն անչափահաս է, որը չգիտի, թե ինչ է ամուսնությունը։ Կոնկրետ դեպքեր չեմ նշի, բայց համոզված եմ` շատ ավելի բազմաթիվ են նման դեպքերը, պարզապես մեզ դրանց չնչին մասն է հասնում. պատահում է` աղջիկը դպրոցական է, իսկ տղան` չափահաս, պատահում է նաև, որ երկուսն էլ անչափահաս են լինում կամ երկուսն էլ` չափահաս», — պատմում է Կարապետյանը։
Կանանց նկատմամբ բռնության հարցով փորձագետ Գոգա Խատիաշվիլին կարծում է, որ խնդիրը հաճախ կապված է հասարակության անտարբերության, իրազեկվածության և կրթության ցածր մակարդակի հետ․
«Հատկանշական է, որ անցյալ տարիների համեմատ դրական դինամիկա նկատվում է, սակայն Վրաստանում այս խնդիրը կրկին ակտուալ է։ Շատերը երևի գիտեն, որ մարդուն առևանգելը պատժվում է օրենքով, բայց քչերն են տեղյակ որ աղջիկ փախցնելը` թեկուզ ամուսնանալու նպատակով, նույնկերպ է պատժվում, երբեմն դեպքով պայմանավորված` ավելի ծանր պատիժ է նախատեսվում», — ասում է Խատիաշվիլին «Ալիք Մեդիայի» հետ զրույցում։
Նա ընդգծում է, որ տարածված է նաև այն թյուր կարծիքը, ըստ որի` միայն անչափահասին առևանգելն է պատժվում․
«Հարկադիր ամուսնությունը պատժվում է օրենքով` առևանգված անձը չափահաս լինի, թե անչափահաս։ Դատարանի վճիռը պայմանավորված է տվյալ դեպքով. չափահաս անձի դեպքում պատիժը կարող է լինել մինչև 2 տարի ազատազրկում, իսկ անչափահասի դեպքում` 2-4 տարի ազատազրկում»։
Փորձագետի հավաստմամբ, գոյություն չունի ճշգրիտ վիճակագրություն, թե տարեկան քանի կին է առևանգվում ամուսնության նպատակով:
Վրաստանի հանրային պաշտպանի գրասենյակի ներկայացրած «Մարդու իրավունքների
և ազատությունների պաշտպանության իրավիճակի մասին» 2021 թվականի զեկույցի համաձայն՝ շատ հաճախ հնարավոր չէ բացահայտել ենթադրյալ հարկադիր ամուսնության դեպքը:
«Դեռևս նկատվում են առևանգվելու վախից անչափահաս աղջիկների ուսումը կիսատ թողնելու դեպքեր: Այս խնդրի պատճառներից են Վրաստանում հանցագործություններին ուշացած և անարդյունավետ արձագանքը, հասարակության նախապաշարմունքներն ու կարծրատիպային մոտեցումը»։
Նշենք, որ, ըստ տեղեկության` 2020 թվականին Վրաստանում 34 քրեական գործ է հարուցվել անչափահասի առևանգման փաստով։