Վրաստանի Ռաճայի մարզի Օնիի մունիցիպալիտետի Շովի հանգստավայրում բնական աղետի գոտուց ուղղաթիռներով տարհանվել է ևս 80 քաղաքացի։ Տեղեկությունը տարածում է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ)։
Ըստ ՆԳՆ-ի՝ այսօր առավոտյան տարհանումը վերսկսվել է։ Աղետի գոտում շարունակում են աշխատել մի քանի հարյուր փրկարարներ։ Այս պահին հաստատվել է մահվան 2 դեպք։
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Իրակլի Կարսելաձեն ասել է, որ մինչ այժմ (10:02) չեն կարողացել կապ հաստատել Շովիում գտնվող 35 մարդու հետ։
Աղետի գոտուց օգոստոսի 3-ին ուղղաթիռներով տարհանվել է 70 քաղաքացի։ Ուշ գիշերը հայտնի դարձավ, որ ավելի քան 150 մարդ տեղափոխվել է անվտանգ տարածք և գտնվում է փրկարարների և ոստիկանների մոտ։
Շովիում սողանքին նպաստել է հորդառատ անձրևը։ Նախարար Կարսելաձեի խոսքով, հաշվի առնելով սողանքի աշխարհագրությունը՝ աղետի մասշտաբներն աննախադեպ են։
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այսօր կժամանի աղետի գոտի։