
Այսօր Բրյուսելում տեղի կունենա Արևելյան գործընկերության նախարարների հանդիպումը, որին կմասնակցեն Վրաստանի, Հայաստանի, Ադրբեջանի, Մոլդովայի և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարները։
Հանդիպումը կանցկացվի Եվրամիության անվտանգության քաղաքականության և արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելի գլխավորությամբ, կմասնակցի նաև Եվրահանձնակատար Օլիվեր Վարհեյը։
«Քննարկման նպատակը կլինի որոշել Արևելյան գործընկերության ապագան, ինչպես նաև Ուկրաինայի և Ռուսաստանի միջև ընթացող պատերազմի հետևանքները և տարածաշրջանում ստեղծված անվտանգության մարտահրավերները։ Հանդիպման մասնակիցները մտքեր կփոխանակեն այն մասին, թե ինչպես Արևելյան գործընկերությունը կարող է ապահովել տարածաշրջանում կայունության և բարգավաճման ամրապնդումը», — նշվում է տարածված հաղորդագրության մեջ։
Արտգործնախարարները կքննարկեն նաև, թե ինչպես արագացնել տնտեսական և ներդրումային պլանի ստեղծումը՝ տարածաշրջանում սոցիալ-տնտեսական կայուն իրավիճակը վերականգնելու համար։