
«Եվրոպական Վրաստանը» ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանիին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման մանրամասների համար կանչում է խորհրդարան: Այս մասին հայտարարել է կուսակցության առաջնորդներից Գիգի Ծերեթելին:
Նրա խոսքով, Վրաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների անցած շաբաթ Նյու Յորքում կայացած հանդիպումը մեծ հետաքրքրություն է առաջացրել տեղեկատվության պակասի և տարաբնույթ հայտարարությունների պատճառով:
«Բնական է, որ հանրությունն ու խորհրդարանը հետաքրքրություն ունեն ավելի շատ տեղեկություն և մանրամասներ իմանալու համար: Վրաստանի սահմանադրության կանոնակարգի համաձայն նախարարը պետք է գա խորհրդարան»,- հայտարարել է Ծերեթելին:
Հիշեցնենք՝ ավելի վաղ ընդդիմադիր «Միացյալ Ազգային շարժումը» նույնպես Վրաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպումից անմիջապես հետո նախարարին կանչել էր խորհրդարան:
2008 թվականին Վրաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների դադարեցումից հետո սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում երկու երկրների ԱԳ նախարարներն առաջին անգամ են հանդիպել: