Աֆգան Սադիգովի վիճակը ծայրահեղ ծանր է. SJC

Վրաստանում արտահանձնման կալանքի տակ գտնվող ադրբեջանցի լրագրող, Azel.TV-ի գլխավոր խմբագիր Աֆգան Սադիգովի շահերը պաշտպանող «Սոցիալական արդարության կենտրոն» (SJC) հասարակական կազմակերպությունը տեղեկություն է տարածել նրա առողջական վիճակի մասին։ Սադիգովը հացադուլի մեջ է արդեն 144 օր։

Կազմակերպության փաստաբանները փետրվարի 10-ին այցելել են Սադիգովին՝ մեղադրյալների և դատապարտյալների N18 բուժհաստատությունում։ «Սոցիալական արդարության կենտրոն»-ը նշել է՝ Սադիգովի վիճակը ծայրահեղ ծանր է:

«Հացադուլ անող լրագրողը դեռևս չի ստանում իր մարմնին անհրաժեշտ ջուր և հավելումներ, որոնք չափազանց անհրաժեշտ են նրա առողջության պահպանման համար: Աֆգան Սադիգովն արդեն դժվարանում է խոսել ու տեղաշարժվել անվասայլակով և պարբերաբար գիտակցությունը կորցնում է», — ասված է SJC-ի հաղորդագրությունում:

Հիշեցնենք, որ Սադիգովը ձերբակալվել է օգոստոսի 3-ին Թբիլիսիում: Ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ Սադիգովը հետախուզվում էր Ադրբեջանի կողմից սպառնալիքների և շորթման հետ կապված հանցագործությունների համար։ Ընտանիքը ձերբակալությունը կապում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կառավարության քաղաքական հետապնդումների հետ։