Փետրվարի 8-ին, ժամը 14:00-ին Թբիլիսիում Վրաստանի խորհրդարանի շենքի դիմաց ազգությամբ ադրբեջանցի քաղաքացիները ծրագրում են բողոքի ցույց անցկացնել: Բողոքի պատճառն Ախալքալաքիի Բուղաշեն գյուղում Արցախյան պատերազմի ազատամարտիկ Միքայել Ավագյանի արձանի վերաբացումն է: Ֆեյսբուք սոցիալական ցանցում ստեղծվել է միջոցառում՝ «Վրաստանի խորհրդարանի առջև՝ Աբխազիայի և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունների մասնակից հայ սեպարատիստ Միխեիլ Ավագյանի պատվին տեղադրված արձանի դեմ բողոքի ակցիա» անվանումով:
Միջոցառման հեղինակ ադրբեջանցին Վրաստանի քաղաքացիներին բացատրում է, որ կիսանդրին տեղադրվել է հունվարի 20-ին, իսկ Ավագյանը մասնակցել է Ղարաբաղի և Աբխազիայի հակամարտություններում:
«Այս կիսանդրին տեղադրելը կոնֆլիկտ է առաջացնում ինչպես երկրի ներսում, այնպես էլ փչացնում է եղբայրական Ադրբեջանի հետ հարաբերությունները: Որպեսզի ապագայում դեմ առ դեմ չմնանք այս կոնֆլիկտի հետ, կոչ ենք անում կառավարությանը ժամանակին ապամոնտաժել այս կիսանդրին»:
Հատկանշական է, որ ցույցը ծրագրվում էր անցկացնել փետրվարի 5-ին, սակայն Թբիլիսիի քաղաքապետարանից թույլտվություն չստանալու պատճառով այն տեղափոխվել է փետրվարի 8:
«Ալիք մեդիայի» հետ զրույցում Թբիլիսիի քաղաքապետարանից հայտնեցին, որ իրենք պարզապես ստանում են դիմումները, սակայն հաստատել կամ չհաստատելու խնդիր չունեն։
Օրեր առաջ, կիսանդրու հարցը ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» անդամ Ազեր Սուլեյմանովը բարձրացրել էր նաև Վրաստանի խորհրդարանում: Նրա խոսքով՝ Ախալքալաքի Բուղաշեն գյուղում կատարվածը նպատակաուղղված սադրանք էր Վրաստանի դեմ:
Հիշեցնենք, հունվարի 20-ին Ախալքալաքի Բուղաշեն գյուղում վերաբացվել է արցախյան պատերազմի ազատամարտիկ Միքայել Ավագյանի կիսանդրին: Ինչից հետո ադրբեջանական և վրացական մամուլում, ինպես նաև սոցցանցերում սկսեցին տարածվել հակասական տեղեկություններ Ավագյանի ինքնության մասին, իբրև վերջինս մասնակցել է Աբխազիայի պատերազմին ևս, եղել է Բաղրամյանի գումարտակի անդամ, ինչը չի համապատասխանում իրականությանը: Թեմայի շուրջ մամուլի անդրադարձին ու փորձագետի կարծիքին կարող եք ծանոթանալ այստեղ: