Թբիլիսիում Բաքվի պահանջով ձերբակալված լրագրող Աֆգան Սադիգովին Թբիլիսիի քաղաքային դատարանը կալանավորել է արտահանձնման նպատակով։ Դատախազությունն այդ միջնորդությամբ դիմել է դատարան։
Աֆգան Սադիգովն ադրբեջանական Azel.Tv լրատվամիջոցի գլխավոր խմբագիրն է։ Նա ձերբակալվել է Թբիլիսիում, և այժմ նախապատրաստվում է նրա արտահանձնումը։
Ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ) հայտնել է, որ Սադիգովի նկատմամբ Ադրբեջանը հետախուզում էր հայտարարել սպառնալիքների և գումարի շորթման համար։ Նրա ընտանիքը պնդում է, որ Իլհամ Ալիևի կառավարության հետախուզման հիմքում քաղաքական հետապնդումն է։
Ձերբակալության տեսանյութը սոցիալական ցանցերում հրապարակել է լրագրողի կինը՝ Սևինչ Սադիգովան։ Տեսանյութում երևում է, որ Սադիգովի ձերբակալել են իր անչափահաս երեխաների ներկայությամբ։ Սադիգովայի խոսքով՝ վրացի իրավապահներն «ադրբեջանցի բռնապետի հրահանգն են կատարում»։
«Ալիևը մեզ թույլ չի տալիս ապրել ո՛չ Ադրբեջանում, ո՛չ Վրաստանում։ Կատարվածն անօրինականություն է»,- ասել է կալանավորված լրագրողի կինը։
Ադրբեջանցի լրագրող Աֆգան Սադիգովի շահերը պաշտպանում է «Rights Georgia» ՀԿ-ն։ Փաստաբան Դիմիտրի Նոզաձեն ասել է, որ դեռ չի հանդիպել իր պաշտպանյալի հետ և չգիտի, թե որքանով է վստահելի Սադիգովի դեմ հարուցված քրգործը Ադրբեջանում։
Նշենք, որ Վրաստանի տարածքում ձերբակալված անձի արտահանձնման կալանքի ժամկետը 3 ամիս է, որը կարող է երկարաձգվել ևս 3 ամսով։ Արտահանձնումն արգելվում է, եթե հիմնավորվի, որ դա քաղաքական հետապնդում է։
Աֆգան Սադիգովը և նրա կինը երկու անչափահաս երեխաների հետ Վրաստան են ժամանել 2023 թվականի վերջին։ Այս տարվա հուլիսի 18-ին Սադիգովը մտադիր էր Թուրքիայի տարածքով մեկնել երրորդ երկիր, սակայն, ըստ նրա՝ Թբիլիսիի միջազգային օդանավակայանում անձնագրային ստուգումից հետո իրեն ասել են, որ Վրաստանից կարող է մեկնել միայն Ադրբեջան։
Ձերբակալության նախորդ օրը՝ օգոստոսի 2-ին, Աֆգան Սադիգովն իր փաստաբանի հետ միասին հանդիպել է Վրաստանի հանրային պաշտպան Լևան Իոսելիանիին, որն, իր իսկ գնահատմամբ` ընթացել է բնականոն հունով։