Ադրբեջանցի լրագրողի առողջական վիճակը վատացել է

Ադրբեջանցի լրագրող, Azel.TV-ի գլխավոր խմբագիր Աֆգան Սադիգովի առողջական վիճակը վատացել է, հայտնել է Սադիգովի կինը` Սևինջ Սադիգովը։

Արտահանձնման նպատակով Թբիլիսիում ձերբակալված Աֆգան Սադիգովն արդեն տասներեքերորդ օրն է` հացադուլ է անում։

«Վերջին անգամ երբ խոսեցի նրա հետ, ինձ ասաց, որ շատ վատ է զգում։ Նրա ինքնազգացողությունը շատ արագ վատացավ, քանի որ վերջին անգամ Ադրբեջանում ձերբակալվելուց հետո 242 օր հացադուլ է արել և կորցրել առողջությունը»,- ասել է Սադիգովի կինը։

Նրա խոսքով, ինքն ու ամուսինը Վրաստանի կառավարությունից ոչինչ չեն սպասում, քանի որ Վրաստանը «կատարում է Ալիևի հրահանգը»։

Հիշեցնենք. Սադիգովը ձերբակալվել է օգոստոսի 3-ին։ Օգոստոսի 4-ին դատավորն արտահանձնման կալանք է սահմանել նրա նկատմամբ։ Լրագրողը կմնա անազատության մեջ՝ սպասելով արտահանձնման վերաբերյալ վերջնական որոշմանը։

Ըստ ներքին գործերի նախարարության՝ Սադիգովն Ադրբեջանում հետախուզվում է սպառնալիքների և շորթման համար:

Սադիգովի ընտանիքն ադրբեջանական կողմի մեղադրանքը որակել է կեղծիք և ասել, որ Ադրբեջանին արտահանձնվելու դեպքում Ալիևի ռեժիմը դաժան կվարվի Սադիգովի հետ։

Մինչ ձերբակալությունը Սադիգովը հուլիսի 18-ին Թբիլիսիից այլ երկիր թռչելու հնարավորություն չի ստացել։ Օդանավակայանում նրան ասել են, որ կկարողանա լքել Վրաստանը միայն այն դեպքում, եթե մեկնի Բաքու։

Դրանից հետո Սադիգովը հրապարակավ ասել է, որ Վրաստանում այլևս ապահով չի զգում իրեն։ Նա հանդիպել է նաև օմբուդսմենի հետ։ Նրա իրավունքները պաշտպանում է Rights Georgia քաղաքացիական կազմակերպությունը։