Ադրբեջանցի լրագրող, Azel.TV-ի գլխավոր խմբագիր Աֆգան Սադիգովի արտահանձնման կալանքը երկարաձգել է ևս 3 ամսով՝ մինչև մայիսի 3-ը: Որոշումը կայացրել է Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր Լելա Մարիդաշվիլին։
«Սոցիալական արդարության կենտրոն»-ից Սադիգովի ներկայացուցիչ Քեթի Չութլաշվիլին խնդրել է լրագրողին ազատ արձակել 10 հազար լարի գրավի դիմաց, սակայն դատարանը կիսել է դատախազի դիրքորոշումը և մերժել:
Նշենք, որ Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր Արսեն Կալատոզիշվիլին նոյեմբերի 28-ին համաձայնություն էր տվել Սադիգովին Ադրբեջան արտահանձնելուն, սակայն հունվարի 14-ին Ստրասբուրգի դատարանը Վրաստանին արգելել է Սադիգովին արտահանձնել Ադրբեջան։
Հիշեցնենք, որ Սադիգովը ձերբակալվել է օգոստոսի 3-ին Թբիլիսիում: Ներքին գործերի նախարարությունը հայտնում է, որ Սադիգովը հետախուզվում էր Ադրբեջանի կողմից սպառնալիքների և շորթման հետ կապված հանցագործությունների համար։ Ընտանիքը ձերբակալությունը կապում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կառավարության կողմից քաղաքական հետապնդումների հետ։