Ադրբեջանցի լրագրող Աֆգան Սադիգովի գործը՝ ամփոփ

Ադրբեջանցի լրագրող և Azel.tv գլխավոր խմբագիր Աֆգան Սադիգովը, որին Թբիլիսիում օգոստոսի 3-ին ձերբակալել էին, ապա օգոստոսի 4-ին նրա նկատմամբ արտահանձնման կալանք էին սահմանել, արդեն 156 օր հացադուլի մեջ է։

Ադրբեջան արտահանձնման վտանգի ներքո գտնվող Սադիգովն այժմ Մեղադրյալների և դատապարտյալների N18 բուժհաստատությունում է։ Վերջին տվյալներով` լրագրողի վիճակը կտրուկ վատթարացել է, ըստ նրա կնոջ՝ ձերբակալվելուց հետո նա կորցրել է մոտ 40 կիլոգրամ քաշ։ 

Սադիգովը 2016 թվականից սկսած մի քանի անգամ դատապարտվել է Ադրբեջանում, այդ թվում՝ երկու անգամ քրեական օրենսդրությամբ։ 2016 թվականին նրան մեղադրել էին բռնության համար և դատապարտել երկուսուկես տարվա ազատազրկման։ 

Քրեական գործ. 2020 թվական

Աֆգան Սադիգովին  Բաքվի դատարանը 2020 թվականի նոյեմբերին դատապարտել է 7 տարվա ազատազրկման։ 

Նրան մեղադրանք էր առաջադրվել պետական պաշտոնյաներից գումար շորթելու համար, իբր` կաշառքի դիմաց նա հրաժարվել է պաշտոնյայի մասին կոմպրոմատներ հրապարակելուց։ Ըստ Սադիգովի իրավապաշտպանի` ձերբակալությունը պատասխան ռեակցիա էր նրա հրապարակումների, մասնավորապես՝  մայիսի 2-ի հրապարակման, որտեղ նա մեղադրել էր  Սումգայիթի տեղական իշխանություններին Սումգայիթի բուլվարի կառուցման համար հատկացվող գումարի սղության համար և մայիսի 13-ի հրապարակման, որտեղ նա մեղադրել էր իշխանություններին Ադրբեջանի Աղջաբադի շրջանի Լաչին գյուղում երկու քույրերի հանդեպ սեռական բռնության գործի անբավարար քննության համար: 

Դատական վճռի հրապարակումից հետո Սադիգովը հացադուլ էր սկսել։ «Ազատություն» ռադիոկայանին նա հայտնել էր, որ հացադուլի մեջ է եղել առնվազն 242 օր։ 

2022 թվականի մայիսին Բաքվի մարդու իրավունքների պաշտպանության ակումբը դիմել էր Ադրբեջանի  նախագահին և բանտարկյալներին ներում շնորհող հանձնաժողովին՝ 57 բանտարկյալի ներում շնորհելու խնդրանքով։ Մայիսի 27-ին  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել 213 մարդու, այդ թվում՝ Աֆգան Սադիգովին, ներում շնորհելու մասին։

Չնայած սրան, Սադիգովը կրկին շարունակում է քննադատել Ադրբեջանի իշխանությանը։ 

Թբիլիսի. 2023 թվական

Սադիգովն ընտանիքի հետ միասին Թբիլիսի ժամանեց 2023 թվականի դեկտեմբերին, ինչպես ինքն էր նշել՝ բուժվելու նպատակով։ Թբիլիսիում մի քանի ամիս բնակվելուց հետո լրագրողը և նրա կինը հայտնեցին, որ Թբիլիսիում այլևս ապահով չէ և որոշում կայացրին Թուրքիայով մեկնել Բոսնիա-Հերցոգովինա։ Անցակետում Սադիգովի կնոջն ու երեխաներին թույլ տվեցին երկիրը լքել, իսկ Սադիգովին` ոչ, ասացին, որ կարող է մեկնել միայն Բաքու։ Մինչև Սադիգովին ձերբակալելը Ադրբեջանում նրա հանդեպ հարուցված գործ չկար, սակայն կալանավորելու օրը՝ օգոստոսի 4-ին, դատավորը հայտնեց, որ Ադրբեջանում հարուցված քրեական գործով նրան մեղավոր են ճանաչում ոմանց հասցեին անպատիվ տեղեկություններ տարածելու սպառնալիքով խոշոր չափի գույք շորթելու նպատակով։ Սոցիալական արդարության կենտրոնի տնօրեն Թամթա Միքելաձեն այս առիթով հարցազրույցում նշել է, որ «կոմպրոմատը»  ենթադրում է տեսահոլովակ, որը ավելի շուտ հրապարակված էր համացանցում և հայտնի էր հանրությանը, ինչը բացառում է դա որպես «կոմպրոմատ» օգտագործելը։ 

Հացադուլ

Սադիգովը հացադուլ սկսեց 2024 թվականի սեպտեմբերի 21-ին։ Հացադուլի 17-րդ օրը նրա առողջական վիճակը կտրուկ վատթարացավ։ 

2025 թվականի հունվարի 15-ին Թբիլիսիի վերաքննիչ դատարանը մերժեց Աֆգան Սադիգովի բողոքարկումը, որը Վրաստանում նրան փախստականի կամ հումանիտար կարգավիճակ տրամադրելու մերժմանն էր վերաբերում։ Սրանով Վրաստանի ազգային դատարաններն ավարտեցին Աֆգան Սադիգովի գործի քննությունը։

Այս համատեքստում Սոցիալական արդարության կենտրոնը 2025 թվականի հունվարի 10-ին (իսկ ավելի շուտ՝  2024 թվականի դեկտեմբերի 9-ին) դիմեց Մարդու իրավունքների եվրոպական դատարան և, համաձայն Դատարանի կանոնակարգի 39-րդ կանոնի, խնդրեց  կիրառել ժամանակավոր միջոց և կասեցնել Աֆգան Սադիգովի արտահանձնումն Ադրբեջան։ 

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարեց կենտրոնի խնդրանքը և 2025 թվականի հունվարի 14-ին կայացրեց որոշում, որով Դատարանի կանոնակարգի 39-րդ կանոնի հիման վրա Աֆգան Սադիգովը չպետք է արտահանձնվեր Ադրբեջանի Հանրապետությանը մինչև դատարանի վճռի 7-րդ օրը։ Դատարանի հայտարարության մեջ նաև նշված էր, որ բողոքին պետք է առաջնահերթություն տրվի՝ 41-րդ կանոնի համաձայն։

Տվյալ որոշումը Եվրոպական դատարանի միջանկյալ որոշում էր, քանի որ ազգային դատարանների մակարդակով գործի քննությունը դեռ ավարտված չէր։ Ըստ դատարանի որոշման՝ Աֆգան Սադիգովի արտահանձնումն Ադրբեջան արգելվում է մինչև 2025 թվականի մարտի 4-ը։ Մինչև 2025 թվականի մարտի 4-ը դատարանը կրկին որոշում կկայացնի արտահանձնումն ավելի երկար ժամկետով կասեցնելու մասին։ 

Հունվարի 31-ին  Վրաստանի գլխավոր դատախազությունը պահանջել էր Սադիգովի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված արտահանձնման կալանքը երկարացնել եւս 3 ամսով։ Թբիլիսիի քաղաքային դատարանը հենց նույն օրը բավարարեց դատախազի միջնորդությունը և երկարաձգեց ադրբեջանցի լրագրողի արտահանձնման  կալանքը մինչև մայիսի 3-ը։

Զուգահեռներ Աֆգան Մուխթարլիի գործի հետ

Շատերն Աֆգան Սադիգովի գործը համեմատում են 2017 թվականին Թբիլիսիից անհետացած մեկ այլ ադրբեջանցի լրագրող Աֆգան Մուխթարլիի գործի հետ, որն ի վերջո հայտնվեց ադրբեջանական բանտում՝ սահմանն ապօրինի հատելու և արտարժույթի մաքսանենգության մեղադրանքով:

Ադրբեջանում նա դատապարտվեց  6 տարվա ազատազրկման, թեպետ անսպասելի ազատ  արձակվեց 2020 թվականին։  Այսօր Մուխթարլին ընտանիքի հետ ապրում է Գերմանիայում, որտեղ քաղաքական ապաստան է ստացել։

Նա վստահ  է, որ արտահանձնումից հետո Սադիգովին Բաքվում կձերբակալեն։ 

Հեղինակ՝ Մարիաննա Մանուկյան