Ազգությամբ ադրբեջանցի Աֆգան Մուխթարլին ազատվել է բանտից:
Այս մասին հայտնել է լրագրողի եղբայրը, նա տեղեկացրել է, որ Մուխթարլիին տարել են օդանավակայան, որտեղից էլ Գերմանիա կմեկնի: Վրաստանյան լրատվամիջոցները, հղում անելով ադրբեջանական ԶԼՄ-ներին, գրում են, որ Մուխթարլիի պատիժը մասամբ փոխվել է՝ պայմանականի:
Հիշեցնենք՝ ընդդիմադիր հայացքներով աչքի ընկնող ադրբեջանցի լրագրողը 2014 թվականից ապրում էր Թբիլիսիում: 2017-ի մայիսի 29-ին նա անհետացել էր Թբիլիսիի կենտրոնական փողոցներից մեկից: Հաջորդ օրը փաստաբանն ասել է, որ Մուխթարլիին բռնի ուժով տեղափոխել են Ադրբեջան, ուր նրան մեղադրանք էր առաջադրվել պետական սահմանի ապօրինի հատման, մաքսանենգության ու ոստիկանությանը դիմադրություն ցուցաբերելու մեջ:
2018-ի հունվարի 12-ին նա Ադրբեջանի դատարանի կողմից 6 տարվա ազատազրկման էր դատապարտվել: Նրա ընտանիքը վստահեցնում է, որ առևանգման հետ առնչություն ունեն Վրաստանի բարձրաստիճան պաշտոնյաներ:
Լրագրողի անհետացման գործը մեծ արձագանք ստացավ վրաց հասարակության շրջանում: Վրաստանյան հասարակական կազմակերպությունների ու լրատվամիջոցների նեկայացուցիչները Վրաստանի տարբեր քաղաքներում բազմիցս աջակցության ակցիաներ են անցկացրել:
Լուսանկարը՝ Մուխթարլիի կնոջ՝ Լեյլա Մուսթաֆաևայի ֆեյսբուքյան էջից