Վրաստանի դատախազությունը դիմել է Գերմանիայի և Բելգիայի իրավասու մարմիններին՝ Վրաստանի արդարադատության նախկին նախարար Զուրաբ Ադեիշվիլիին ձերբակալելու և Վրաստանին արտահանձնելու նպատակով, radiotavisupleba լրատվամիջոցին հայտնել են դատախազության մամուլի ծառայությունից:
«Վրաստանի դատախազությունն իր լիազորությունների շրջանակում իրականացնում է օրենքով նախատեսված բոլոր միջոցները՝ Վրաստանում հանցագործություն կատարած անձանց վրացական արդարադատության առաջ կանգնեցնելու համար՝ անկախ նրանց գտնվելու վայրից»,- նշել են դատախազությունից:
Մինչ այդ Վրաստանի կառավարությունն Ուկրաինայի իշխանություններից պահանջել էր արտահանձնել Զուրաբ Ադեիշվիլիին ու Գիորգի Լորթքիփանիձեին:
Վրաստանի նախկին գլխավոր դատախազ Զուրաբ Ադեիշվիլին ներկայումս զբաղեցնում է Ուկրաինայի գլխավոր դատախազի խորհրդականի պաշտոնը, իսկ Ներքին գործերի նախկին փոխնախարար Գիորգի Լորթքիփանիձեն` Ուկրաինայի հակահետախուզության ղեկավարի տեղակալի պաշտոնը։
Մարտի 5-ին Ուկրաինայի գլխավոր դատախազը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության գլխավոր տնօրենի տեղակալ Գերտ Յան Քոփմանի հետ, հանդիպմանը մասնակցել է նաև Զուրաբ Ադեիշվիլին։
Բրյուսելում Զուրաբ Ադեիշվիլին մասնակցել է նաև Ուկրաինայի գլխավոր դատախազի և Եվրոպական հանձնաժողովի արժեքների և թափանցիկության հարցերով փոխնախագահ Վերա Յուրովայի հետ հանդիպմանը։ Ադեիշվիլին Բեռլինում մասնակցել է գերմանացի պաշտոնյաների հետ հանդիպումներին։
Մարտի 11-ին, Վրաստանի արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) հաղորդագրության համաձայն, Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկու և Վրաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Պիտեր Ֆիշերի հետ հանդիպում է կայացել՝ Եվրամիությունում և Գերմանիայում այցերի ու հանդիպումների ժամանակ ուկրաինական պատվիրակության կազմում Վրաստանի արդարադատության նախկին նախարար Զուրաբ Ադեիշվիլիի ներկայության առնչությամբ։ Ըստ հաղորդագրության՝ հանդիպման ժամանակ Վրաստանի ԱԳՆ ղեկավար Իլիա Դարչիաշվիլին Հերչինսկուն և Ֆիշերին «պաշտոնապես փոխանցել է վրացական կողմի մտահոգությունները»։
Այս խնդրի վերաբերյալ մարտի 11-ին հայտարարություն է տարածել նաև Վրաստանի կառավարության վարչակազմը։ Վրաստանի կառավարությունը «մտահոգություն» է հայտնել ուկրաինական պատվիրակության կազմում Զուրաբ Ադեիշվիլիի ներկայության կապակցությամբ Եվրամիությունում և Գերմանիայում տեղի ունեցած այցերի և հանդիպումների ժամանակ։ Հայտարարության մեջ կառավարությունն Ադեիշվիլիին անվանում է ռեպրեսիվ ռեժիմի ստեղծողներից մեկը և գրում է, որ «տարիներ շարունակ նա ոտնահարել է ժողովրդավարության և օրենքի գերակայության սկզբունքները»։ Ըստ հայտարարության՝ ԵՄ-ում և Գերմանիայում Զուրաբ Ադեիշվիլիին հյուրընկալելը խաթարում է եվրոպական բյուրոկրատիայի կողմից օրենքի գերակայության նկատմամբ հավատարմության ընկալումը։
Ավելին՝ ստորև.
Ադեիշվիլիի հետ հանդիպումն այլ կերպ ներկայացնելն ապատեղեկատվություն է. ԵՄ