Աբխազիայում ուսումնական պրոցեսը դադարեցվել է

Էներգետիկ ոլորտում տիրող բարդ իրավիճակի պատճառով Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո կառավարությունը որոշել է դադարեցնել ուսումնական գործընթացը դեկտեմբերի 11-ից 17-ը։ Այս որոշման մասին հայտարարել է դե ֆակտո նախագահի պաշտոնակատար Բադր Գունբան։

«Կրթության նախարարի» դե ֆակտո պաշտոնակատար Ինալ Գաբլիան ասել է՝ որոշումը պայմանավորված է դպրոցների և մանկապարտեզների ջեռուցման հետ կապված դժվարություններով:

Բացի այդ, կրիպտոարժույթների մայնինգի դեմ պայքարն ուժեղացնելու նպատակով ժամը 00:00-ից 07:00-ն աբխազ բաժանորդների համար ինտերնետը կանջատվի։ Այսօր կքննարկվի նաև էներգետիկայի ոլորտում արտակարգ ռեժիմ մտցնելու հարցը։

«Առողջապահության նախարարի» դե ֆակտո պաշտոնակատար Էդուար Բութբայի խոսքով՝ խոշոր բուժհաստատություններում գեներատորները նորմալ են աշխատում, բայց դրանց ռեսուրսները սահմանափակ են։ Նրա խոսքով, հիվանդանոցների վերակենդանացման բաժանմունքների համար ավելի շատ ռեզերվներ են անհրաժեշտ։

Դե ֆակտո կառավարության ղեկավարի պաշտոնակատար Վալերի Բգանբայի խոսքով՝ Էնգուրհեսիի ջրամբարում ջրի մակարդակը մնում է կրիտիկական մակարդակի վրա։ Իրավիճակն էլեկտրամատակարարման առումով կարող է վատթարանալ, եթե Սոխումիի համար ճանապարհ չգտնվի ռուսական էլեկտրաէներգիայի դիմաց վճարելու համար։

«Մենք ստիպված կլինենք լրացուցիչ սահմանափակումներ մտցնել սպառված էլեկտրաէներգիայի նկատմամբ»,- ասել է Բգանբան։

«Ֆինանսների նախարարի» պաշտոնակատար Վլադիմիր Դելբան ասել է. «Ներկայիս վիճակը՝ կապված աշխատավարձերի (պետական ​​ծառայողների) վճարման հետ, բարդ է, բայց վերահսկելի»։

Օկուպացված Աբխազիայի առաջնորդ Ասլան Բժանիայի հրաժարականից և Ռուսաստանի հետ «ներդրումային համաձայնագրի» մերժումից հետո Ռուսաստանը գրեթե ամբողջությամբ դադարեցրել է դե ֆակտո հանրապետության բյուջետային ֆինանսավորումը։