Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ) և անվտանգության ծառայությունը բացահայտել և փակել են վրաց-աբխազական միջազգային կազմակերպության նախագիծը։
Նշենք, որ մի քանի ամիս առաջ ԱԳ նախարար է դարձել Կրեմլի հետ սերտ կապեր ունեցող Ինալ Արձինբան։
Խոսքը «Շարժում ընդդեմ սովի» (Stop Hunger) միջազգային կազմակերպության նախագծերից մեկի մասին է, որը, ըստ աբխազական կողմի, նախատեսում էր երկխոսություն աբխազ և վրացի երիտասարդների միջև՝ Մոլդովայում, Ավստրիայում և Հայաստանում համատեղ դասընթացների և սեմինարների միջոցով։
«Նման նախաձեռնությունները կրում են քաղաքական բնույթ և ծառայում են Վրաստանի կառավարության նպատակներին ու խնդիրներին: Նախարարությունը կշարունակի կանխել նախագծերը, որոնք կծառայեն Վրաստանի կառավարության հայտարարված քաղաքականության նպատակներին։
Մենք կոչ ենք անում միջազգային կազմակերպություններին հավատարիմ մնալ թափանցիկության սկզբունքին և աշխատել մարդասիրական նպատակների շրջանակում»,- ասված է դե ֆակտո ԱԳՆ տարածած հայտարարության մեջ։
Աբխազիայի դե ֆակտո արտգործնախարար Ինալ Արձինբան իր նշանակումից մի քանի օր անց հանդիպել էր Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայի շրջանում գործող միջազգային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ մասնակիցներին արգելելով իրականացնել վրաց-աբխազական նախագծեր:
Միաժամանակ Ինալ Արձինբան հայտարարում է՝ վրաց-աբխազական նախագծերը «ծառայում են վրացական հատուկ ծառայությունների նպատակներին»։
Կարդացեք նաև՝
Չնայած արգելքներին՝ աբխազական կողմը հանդիպել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ներկայացուցչին