Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո արտաքին գործերի (ԱԳ) նախարար է նշանակվել Սերգեյ Շամբան:
Ըստ տարբեր լրատվամիջոցների, երեկ՝ օգոստոսի 6-ին, Շամբան լքել է դե ֆակտո անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնն ու նշանակվել դե ֆակտո ԱԳՆ-ի ղեկավար:
Շամբան դե ֆակտո հանրապետության ԱԳ նախարար է եղել նաև 1997 թվականի մայիսից մինչև 2004 թվականի հունիսը։ 2004 թվականի դեկտեմբերի 15-ին կրկին գլխավորել է դե ֆակտո գերատեսչությունը։ 2010-2011 թվականներին եղել է դե ֆակտո վարչապետ, իսկ 2020 թվականի հուլիսից՝ դե ֆակտո անվտանգության խորհրդի քարտուղար։
«Անվտանգության խորհրդի քարտուղարի» պաշտոնում Շամբային փոխարինել է Ռաուլ Լոլուան:
Ի դեպ, Ռուսաստանի կողմից օկուպացված Աբխազիայի դե ֆակտո ԱԳ ղեկավարի պաշտոնը թափուր էր մայիսի 7-ից, դե ֆակտո նախագահ Ասլան Բժանիայի կողմից Ինալ Արձինբային պաշտոնանկ անելուց հետո։ Արձինբայի տեղեկություններով, ինքը լքել է պաշտոնը՝ «նոր աշխատանքի անցնելու կապակցությամբ»։