
Վրաստանից չվերահսկվող Աբխազիայում «նախագահական» ընտրությունների երկրորդ փուլ կանցկացվի, հայտնել է Աբխազիայի դե ֆակտո Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Դիմիտրի Մարշանը:
Նրա խոսքով «նախագահական» ընտրությունների երկրորդ փուլին կմասնակցեն երկու թեկնածու՝ Բադրա Գունբան և Ադգուր Արձինբան։ Նախնական արդյունքներով՝ «նախագահի թեկնածուների» միջև ձայները բաշխվել են հետևյալ կերպ.
- Բադրա Գունբա — 46 տոկոս,
- Ադգուր Արձինբա — 37 տոկոս,
- Ռոբերտ Արշբա — 7 տոկոս,
- Օլեգ Բարցից — 4 տոկոս,
- Ադգուր Խուրումալի — 1 տոկոս:
Աբխազիայի դե ֆակտո Հանրապետության Սահմանադրության համաձայն, «նախագահ» կարող է ընտրվել միայն 35-ից 65 տարեկան աբխազական ազգության քաղաքացին։ 2025 թվականի փետրվարի 15-ի դրությամբ գրանցված ընտրողների թիվը կազմել է 135 հազար։ «Ընտրություններին» մասնակցել է 99 հազար մարդ։
Նշենք, որ պաշտոնական Թբիլիսին դատապարտել է «նախագահական ընտրությունները»: Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը նշել է՝ «նախագահական» ընտրությունների անցկացումը Ռուսաստանի օկուպացրած Աբխազիայի շրջանում, կոպտորեն խախտում է Վրաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը միջազգայնորեն ճանաչված սահմաններում։
Եվրամիությունը ևս չի ճանաչում ապօրինի «նախագահական» ընտրություններն Աբխազիայում: Պաշտոնական Կիևը նույնպես դատապարտել է արտահերթ «նախագահական ընտրություններն» Աբխազիայում: